Google-ը սկսել է թարմացնել ալգորիթմն իր որոնողական համակարգում, որը խոշորագույն թարմացումն է առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում:

Financial Times-ը նշում է, որ դա առաջին դեպքն է, երբ գործնականում  կկիրառվի լեզվի բնական մշակման տեխնոլոգիան, որը գրավել է գիտնականների ուշադրությունը դեռեւս անցած տարի: Լեզվի ընկալումը արհեստական ինտելեկտի ամենամեծ դժվարություններից է, գրում է թերթը: Բառերի իմաստը կարող է փոխվել՝ կախված նրանից, թե ով եւ ինչ կոնտեքստում է կիրառում այս կամ այն բառը:

Դեռեւս Google որոնողական համակարգի ալգորիթմը փորձել է որոշել, թե օգտատերերի հարցման մեջ որ բառն ունի ամենամեծ նշանակությունը: Կարճ կամ հաճախակի հանդիպող բառերը այն անտեսում էր: Դա թույլ էր տալիս համակարգին որոշել հարցման հիմնական թեման, սակայն հաճախ խանգարում էր հասկանալ, թե հատկապես ինչ է ցանկանում փնտրել օգտատերը, գրում է Forbes-ը:

BERT անունով հայտնի նոր տեխնոլոգիան հենվում է լեզվական մոդելի վրա, որը հիմնված է համացանցում տեքսի հսկայական ծավալների վերլուծության վրա: Հարցման մեջ հերթականությամբ բառերը վերլուծելու փոխարեն BERT-ը վերլուծում է դրանք միաժամանակյա ռեժիմում՝ ներառյալ ավելի վաղ անտեսված կարճ բառերը: Որպես հարցման օրինակ, որն այժմ որոնողական համակարգը սովորել է հաղթահարել, ընկերության աշխատակիցները ներկայացնում են հետեւյալը. «Քանի՞ տարեկան էր Թեյլոր Սվիֆթը, երբ Քանյեն թռչկոտում էր բեմի վրա»:

Ընդ որում՝ ընկերությունը հայտնում է, որ փոփոխությունները աննկատ կլինեն օգտատերերի մեծամասնության համար: Թարմացումը կանդրադառնա յուրաքանչյուր տասներորդ հարցմանը, պատմել է որոնման հարցերով FT-ի փոխնախագահ Պանդու Նայաքը: Վերջին օրերին Google-ն արդեն սկսել է թարմացնել իր ինֆորմացիոն կենտրոնների ծրագրային ապահովումը անգլերեն հարցումների մշակման գործընթացը փոխելու համար, իսկ առաջիկայում կզբաղվի նաեւ ուրիշ լեզուներով արված հարցումներին: