«Էլլա» գիշերային ակումբների ցանցը որեւէ կապ չունի տղամարդկանց ստրիպտիզ ցուցադրող միակ` «Կապրիզ» ակումբի հետ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց «Էլլա» գիշերային ակումբների ցանցի տնօրեն Խաչատուր Մելիքյանը` հերքելով ցանցի եւ տղամարդկանց ստրիպտիզ-ակումբի կապի մասին տեղեկությունը:
Դիտարկմանը, թե «Կապրիզ» ակումբի հեռախոսահամարը փոխանցել են հենց իրենց ցանցից, տնօրենը պնդեց, թե «ինչ-որ մարդիկ կարող են տալ համարը որպես ծանոթ, սակայն դա չի նշանակում, որ կապ կա երկու ակումբների միջեւ: «Կապրիզը» ընդհանրապես կապ չունի «Էլլա»-ի հետ»:
Մելիքյանին զայրացրել էր նաեւ մեր հրապարակման մեջ նշված տեղեկությունը, թե Հայաստանի որոշ գիշերային ակումբներ խախտում են «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքը, ըստ որի` «արգելվում է հաճախորդի եւ հեստապարի մասնակցի միջեւ ֆիզիկական շփումը, ինչպես նաեւ հաճախորդի մասնակցությունը հեստապարին»:
«Ի դեպ, ստրիպտիզ ակումբներից մի քանիսի շրջանում անցկացված մեր հարցումը ցույց տվեց, որ դրանցում որպես կանոն, չի գործում ստրիպտիզի բնագավառում «չգրված օրենք» համարվող կանոնը` պարուհուն կամ պարողին չդիպչելը: Պարզվում է` որոշ ակումբների հաճախորդները կարող են ոչ միայն վիզուալ առումով վայելել մերկապարը, այլ նաեւ ձեռք տալ, շոշափել պարողին կամ պարուհուն: Ընդհուպ` սեռական բնույթի հարաբերության մեջ մտնել նրանց հետ»,- գրված էր մեր հրապարակման մեջ:
«Մեզ մոտ ֆիզիկական կապ գոյություն չունի, որ մարդը կարող է սեռական հարաբերությունների մեջ մտնել պարուհու հետ»,- նշեց Խաչատուր Մելիքյանը եւ հավելեց. «Էլլան» երբեք նման ծառայություն չի մատուցել եւ չի էլ մատուցի»: Վերջինս պարզաբանեց նաեւ իրենց ակումբում հաճախորդի եւ պարուհու միջեւ շփման կարգը: «Պարուհին պարում է բեմի վրա, եթե հաճախորդը կանչում է, մոտենում է եւ հետ է վերադառնում, այլ կապ գոյություն չունի»,- նշել է ցանցի տնօրենը:





























