Երեւանում ընդդիմության երթը շարժվում է դեպի Ազատության հրապարակ:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ինչպես եւ մարտի 17-ի հանրահավաքին, հայտարարել է, թե իշխանությունները ոտնահարում են ժողովրդի` Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու սահմանադրական իրավունքը:

«Ազատության հրապարակ գնալու որոշումը ընդունվել է դեռ նախորդ հանրահավաքին` մեծ քանակությամբ մարդկանց կողմից եւ մենք չենք կարող չենթարկվել ժողովրդի կամքին»,- ասել է Զուրաբյանը:

Ներկայումս ցուցարարների բազմությունը` ՀԱԿ ղեկավարների գլխավորությամբ Մաշտոցի պողոտայով շարժվում են Ազատության հրապարակի ուղղությամբ: Սպասվում է, որ այնտեղ բանակցություններ են կայանալու իրավապահների հետ: Համենայն դեպս, ընդդիմադիրները մտադրություն են հայտնել խաղաղությամբ մտնել Ազատության հրապարակ:

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը նախատեսված է Ազատության հրապարակում:

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի