ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հերքել է ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի մասին տեղեկությունը։

«Դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այսքանը»,– «Ֆեյսբուքում» գրել է նա։

Նշենք, որ Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ ոչ հերքում, ոչ էլ հաստատում է ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձի մասին տեղեկությունը։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Արցախի զինված ուժերը նախօրեին գիշերը կասեցրել են ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման  փորձ։

NEWS.am-ի տեղեկություններով՝  դիվերսիոն ներթափանցման փորձն իրականացվել է Մարտակերտի ուղղությամբ երկու խմբերով՝ 20 և 14 հոգուց բաղկացած։

Հայկական կողմը գործելով օպերատիվ, կանխել է հակառակորդի գործողությունները, ինչի արդյունքում սկսվել է ինտենսիվ փոխրաձգություն։ Ադրբեջանական կողմը տալով առնվազն մեկ ծանր վիրավոր, հետ է նահանջել, վիրավոր դիվերսանտին տանելով իրենց հետ։ Հայկական կողմից տուժածներ չկան։