Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը նոյեմբերի 26-ին ընդունեց Հայաստան ժամանած Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությանը՝ փոխնախագահ Դավիթ Էրմինիի գլխավորությամբ:

ԲԴԽ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էին նաեւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը եւ քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը:

Ողջունելով հյուրերին՝ Երվանդ Խունդկարյանը շեշտեց տարբեր երկրների հետ համագործակցության կարեւորությունը միջազգային լավագույն փորձի փոխանակման առումով: Նա իր խոսքում ներկայացրեց Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելությունը, պալատների գործունեության մեխանիզմները, պալատների կողմից բողոքների քննության եւ որոշումների ընդունման ընթացակարգերը, անդրադարձավ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի ինստիտուտի կարեւորությանը:

Հյուրերը հետաքրքրվեցին Հայաստանի վճռաբեկ դատարանի կառուցվածքով, դատական իշխանության մեջ ունեցած դերով, Վճռաբեկ դատարան ներկայացվող տարեկան բողոքների քանակով:

 Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանն իտալացի գործընկերներին ներկայացրեց պալատի գործունեությանն առնչվող տարբեր հարցեր:

 Քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն էլ իր հերթին նկատեց, որ այսօր Հայաստանը գտնվում է դատաիրավական բարեփոխումների փուլում, որով նախատեսվում են լուրջ կառուցվածքային փոփոխություններ, օրենսդրական դաշտի վերանայում, եւ այդ իմաստով շատ են կարեւորում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը: Նա նաեւ նկատեց, որ քսան տարիների գործունեության ընթացքում Վճռաբեկ դատարանը մեծ դերակատարություն է ունեցել ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության, այլեւ իրավունքի գերակայության զարգացման գործում:

Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցադրումները բազմաբովանդակ էին եւ առարկայական: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ դատական իշխանություն-հանրություն շփումների արդյունավետ կազմակերպմանը, հանրային վստահության բարձրացմանը, դատավորի հեղինակության պաշտպանությանն ու կարգապահական վարույթներին առնչվող հարցեր:

Ամփոփիչ իր խոսքում Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին կառուցողական քննարկման համար՝ հույս հայտնելով, որ Իտալիայի դատական իշխանության հետ հետագա համագործակցությունն էլ ավելի կզարգանա: