Դեմոկրատիայի ճանապարհին պետք է առաջնորդվել ոչ թե հույզերով, այլ բանականությամբ։ Այս մասին «Դեմոկրատիան եւ կոնֆլիկտների կանխումը հասարակությունում» միջազգային համաժողովում նոյեմբերի 29-ին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ հայ հասարակությունը անկախության ամենասկզբից մշտապես գտնվում է անցումային վիճակում, եւ ստացվում է այնպես, որ անընդհատ աշխատում է հետեւանքները եւ ոչ թե պատճառները կանխելու վրա։ «Դա կապված է այն բանի հետ, որ մեր հասարակությունը, որն ազատվում է նախկին տերերի կապանքներից, տարօրինակ ձեւով ձգտում է, որպեսզի նոր տերեր ձեռք բերի։ Նման մոտեցման դեպքում գերակշռում են հույզերը եւ ոչ թե բանականությունը։ Բայց հույզերի միջոցով չի կարելի հասնել լուրջ արդյունքների դեմոկրատիայի զարգացման գործում»,- նշել է նա։ Պատգամավորը նկատեց, որ հեղափոխությունների շրջանում մտավորականությունը միշտ մղվում է երկրորդ պլան, մինչդեռ այն պետք է կարեւոր դեր խաղա որոշումներ ընդունելիս։




























