Չնայած նախկին իշխանությունների հետ քաղաքացիական հասարակությանը չհաջողվեց ստեղծել ինտենսիվ համագործակցության հիմք, այնուամենայնիվ, դա չխոչընդոտեց, որպեսզի այն դառնա երկրի ամենակայացած դեմոկրատական ինստիտուտներից մեկը։ Այս մասին «Դրական փոփոխություններ քաղաքացիական հասարակության իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնման միջոցով» ծրագրի փակման ժամանակ, նոյեմբերի 29-ին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը։
Նրա խոսքով՝ անցած տարվա իրադարձությունները փոխեցին քաղաքացիական հասարակության աշխատանքի էությունը։
«Նախկինում աշխատելն ավելի հեշտ էր, քանի որ քաղաքացիական հասարակության գործունեությունը Հայաստանում հանգեցվում էր իշխանությունների եւ այն երեւույթների քննադատությանը, որոնց հետ բնակչության լայն շերտերը համաձայն չէին։ Իսկ այժմ իշխանությունն ունի հասարակության լայն վստահությունը եւ նրան քննադատելն ավելի դժվար է։ Բացի այդ, հեղափոխությունից հետո իշխանությունները համաձայնեցին, որ կան խնդիրներ, եւ դիմեցին քաղաքացիական հասարակությանը՝ խնդիրների լուծման տարբերակներ գտնելու համար։ Այսօր քիչ է քննադատելը, պետք է նաեւ լուծումներ առաջարկել»,- նշեց նա։




























