Բրիտանիայից եւ Գերմանիայից գիտնականները ստեղծել են հիշողության բջջի առաջին նախատիպը, որի աշխատանքը կարելի է միաժամանակ կառավարել ե՛ւ լույսի, ե՛ւ էլեկտրականության իմպուլսների օգնությամբ: Դրա ստեղծումը կարեւոր քայլ էր առաջին լուսային համակարգիչները ստեղծելու ուղղությամբ, ուրբաթ հայտնել է բրիտանական Էքսեթերի համալսարանի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ֆոտոնային տեխնոլոգիաների եւ էլեկտրոնիկայի միավորումն այսօր այն ուղղությունն է, որով կշարունակվի ժամանակակից հաշվիչ տեխնիկայի եւ դրա պատրաստման մեթոդիկաների զարգացումը: Այդ հիբրիդային մոտեցումը հատկապես կնպաստի արհեստական ինտելեկտի համակարգերի մշակմանը, որտեղ անհրաժեշտ է չիպերի աշխատանքի բարձր արագության եւ էներգիայի օգտագործման ցածր մակարդակի համադրությունը, ինչն անհնար է ներկայում»,-հայտարարել է Օքսֆորդի համալսարանից ֆիզիկոս Նեյթան Յանգբլադը, որի խոսքերը մեջբերում է բուհի մամուլի ծառայությունը:

Էլեկտրամագնիսային ալիքները, այդ թվում՝ տեսանելի լույսը, փոխանցում են տեղեկատվությունը շատ ավելի արդյունավետ կերպով եւ արագ, քան էլեկտրական ազդանշանները, որոնք կիրառվում են այսօր դասական կիսալարային էլեկտրոնիկայում: Այդ պատճառով ֆիզիկոսներն ու ինժեներները վաղուց փորձում են փոխարինել տրանզիստորները եւ մետաղական բաղադիչները չիպերի ներսում դրանց օպտիկական անալոգներով: