Ոստիկանները շատ բան ունեն մտածելու, երբ իրենց հանձնարարում են պաշտպանել պարանով կապված հաչացող կնոջը, բայց ազգային երգ երգող և Սահմանադրություն ընթերցող երիտասարդին հրամայում են բերման ենթարկել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը, որը քիչ առաջ ազատ արձակվեց Կենտրոնի բաժնից։

«Մենք ԿԳՄՍ նախարարության դիմաց միջոցառում էինք իրականացնում, գիրք էինք ընթերցում: Փաստորեն «Հուզանք ուԶանգ» կասկածելի ներկայացումը ոստիկանների, պետության կողմից պաշտպանված է, բայց սահմանադրության հոդվածներ ընթերցելը ոստիկանության համար անցանկալի էր։ Հասկանալի է, որ ոստիկաններն այս ամենը իրենց ցանկությամբ չէին իրականացնում, սա քաղաքական պատվեր էր։ Եթե պատվիրատուներին թվում է, թե մեզ փռեցին ասֆալտին, ուրեմն իրենք սրանից հետո ասֆալտին փռված են որպես քաղաքական մարմին, այս կառավարությունը ասֆալտին փռված է։ Իրենք խորը թյուրիմացության մեջ են, իրենց արարքների համար պատասխանատվության են ենթարկվելու։ Այս կառավարությունը կրակի հետ է խաղում և  այրվելու է իր վառած կրակի մեջ»,-նշեց նա։

Գերասիմ Վարդանյանն ասաց, որ ներսում հանդիպել են ՄԻՊ Արման Թաթոյանի հետ։

Կենտրոնի բաժնից ազատ արձակվեցին նաև Դավիթ Հունանյանն և Արգիշտի Գևորգյանը։

Նրանք ասացին, որ Ոստիկանությունում ամեն ինչ նորմալ է եղել, բողոքներ չունեն։

Արգիշտի Գևորգյանը նշեց, որ չի ստորագրել կազմված արձանագրության տակ, քանի որ նշած է եղել, թե ինքը Վազգեն Սարգսյան փողոցն է փակել, մինչդեռ ինքը բաժին էր տարվել ԿԳՄՍ նախարարության դիմացից, մինչև փողոց փակելը։

Նշենք, որ ազատ արձակված ՀՅԴ երիտասարդները բաժին էին տարվել ԿԳՄՍ նախարարության  մուտքի մոտից։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է նաև, որ ազատ են արձակվել Էրեբունու բաժին տարված մի քանի ցուցարարներ։

Հիշեցնենք՝ ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ապա նստել նախարարության մուտքի մոտ։ Ոստիկանները, սակայն, պահանջեցին ազատել նախարարության մուտքը, ապա բռնի ուժով հեռացրեցին երիտասարդներին։ ՀՅԴ երիտասարդները փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը։ Փողոցը բացելու համար ոստիկանական մեծ թվով ուժեր էին կենտրոնացվել, որոնք մի քանի անգամ գերազանցում էին ցուցարարների թվին, փողոցը բացելուց հետո ցուցարարների մի մասը բերման էր ենթարկվել։ ՀՅԴ երիտասարդները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։