ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դժգոհ է շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում կառավարության ձեռնարկած քայլերից: Այս մասին դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ բնապահպանական անվտանգությունը մարդու կենսականորեն կարեւոր բնապահպանական շահերի պաշտպանությունն է, առաջին հերթին կյանքի համար մաքուր, առողջ, բարենպաստ շրջակա միջավայրի նրա իրավունքները:
«Սակայն ոչ միայն չի կատարվում կառավարության ծրագրում նշված ուղղություններից ոչ մեկը, այլեւ, կարելի է ասել, հաճախ անգամ հակառակն է արվում: Դուք ասում եք, որ հանքարդյունաբերության մեջ կառավարության քաղաքականությունն ուղղված է թափանցիկության, հանրության առջեւ մեծ հաշվետվողականության ապահովմանը, սակայն ռեալ շահառուների հայտնաբերման գործընթացը դեռեւս ավարտված չէ: Ձեր ամբողջ հաշվետվությունը տպավորություն է ստեղծում, որ կառավարությունը բնապահպանական խնդիրների վերաբերյալ պատկերացում չունի եւ դրանք փոխարինում է տնտեսականով»,- դժգոհեց Թանդիլյանը:
Նա նաեւ նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» գոհ չէ իրենց ներկայացրած հարցմանը կառավարության պատասխանից:




























