Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` ապրիլի 11-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին, որի ժամանակ քննարկվել է արցախյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլին առնչվող մի շարք հարցեր:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներ իրականացված համանախագահների դաշտային գնահատման առաքելության զեկույցի Ադրբեջանի կողմից աղավաղման եւ այդ փաստաթուղթը իր ռազմատենչ հռետորաբանություն արդարացնելուն ծառայեցնելու փորձերի վրա:
Նա հավելել է, որ Ադրբեջանի կողմից զեկույցի առնչությամբ արվող մեկնաբանությունները հակասում են համանախագահների ներկայացրած գնահատականներին, դրանով իսկ ոչ միայն ստվեր գցելով նրանց ջանքերի, այլեւ բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա:
Հայաստանի ԱԳ նախարարն ու Մինսկի խմբի համանախագահները քննարկել են շփման գծում միջադեպերի կանխարգելման եւ հետաքննության մեխանիզմի ստեղծման հնարավորությունը՝ համաձայն Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից արված հայտարարության:





























