Բելառուսի գլխավոր դատախազությունը Մինսկի մետրոյում ապրիլի 11-ին տեղի ունեցած պայթյունը որակել է որպես ահաբեկչություն:
Ինչպես հաղորդում է բելառուսական «Բելտա» գործակալությունը` վկայակոչելով Բելառուսի ՆԳՆ-ին, պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է 5-7 կգ տրոտիլին համարժեք: Ռումբը գտնվել է երկրորդ վագոնի պլատֆորմում` նստարանի տակ: Պայթյունի հետեւանքով, առաջացել է 80 սմ տրամագծով փոս:
Պայթյունի պահին այդ վայրում գտնվել է շուրջ 300 մարդ: Վերջին տվյալներով, մահացել է 12 մարդ: «Բելառուսական նորություններ» գործակալությունը հրապարակել է տուժածների առավել ամբողջական ցուցակը, որտեղ կա 134 ազգանուն:
Ինչպես NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, նախնական տեղեկություններով, Մինսկի մետրոյի պայթյունի արդյունքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել:
Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով 17:58-ին, Մինսկի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում: Պայթյունը որոտացել է այն պահին, երբ կայարանին են մոտեցել երկու գնացքներ: Մետրոյի աշխատանքը կանգ է առել:
Պայթյունն այնքան հզոր է եղել, որ պլատֆորմի բետոնե հատակին փոս է առաջացել: Պայթյունի ալիքից շարժասանդուղքի մոտ մասնակիորեն փլվել են առաստաղն ու պատերը:
Նշենք, որ «Օկտյաբրսկայ» կայարանն դուրս է գալիս ուղիղ երկրի նախագահի նստավայրի մոտ:
Ողբերգության հետ կապված, ապրիլի 13-ին Բելառուսի մայրաքաղաքում սուգ է հայտարարված, սակայն արդեն այսօր մարդիկ ծաղիկներ ու մոմեր են բերում դեպքի վայր:





























