Արդարադատության  նախարար Ռուստամ Բադասյանը Աբու Դաբիում անցկացվող ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանի պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է «նոր սերնդի» հակակոռուպցիոն ռազմավարություններին: Արձանագրելով, որ կոռուպցիան դարձել է ամենամեծ մարտահրավերներից մեկը ոչ միայն համաշխարհային տնտեսության եւ օրենքի գերակայության, այլեւ խաղաղության ու անվտանգության համար՝ նախարարը կարեւոր խնդիր է համարել ազգային մակարդակով կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակ եւ արդյունավետ ռազմավարության իրականացումն ու տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակներում ջանքերի համադրումը:

Ռուստամ Բադասյանը, խոսելով հոկտեմբերին Կառավարության կողմից հաստատված Հակակոռուպցիոն ռազմավարությունից, նշել է, որ «նոր սերնդի» հակակոռուպցիոն ռազմավարություններն այլեւս չեն դիտարկվում որպես միայն կառավարության ռազմավարություններ. դրանք  ժողովրդի ռազմավարություններն են: Այդ համատեքստում նախարարը ներկայացրել է մեկ ու կես տարվա ընթացքում մշակված Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության ներառական աշխատանքները՝ քաղհասարակության 500 առաջարկ, որի հիման վրա սկզբնական նախագիծը 85%-ով փոփոխովել է, առնվազն 15 հանրային քննարկումների կազմակերպում, այդ թվում` բոլոր մարզերում, ՀՀ վարչապետի գլխավորությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում երկու քննարկման կազմակերպում եւ այլն:  Նշված Ռազմավարության մշակման հարցում Ռուստամ Բադասյանը կարեւորել է նաեւ ֆինանսական գնահատականն ու թիրախային ցուցանիշների սահմանումը՝ ընդգծելով, որ Կառավարության նպատակը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կողմից հրապարակվող Կոռուպցիայի ընկալման համաթվի զեկույցում Հայաստանի գնահատականը 35-ից մինչեւ 55 հասցնելն է:

Հակակոռուպցիոն իստիտուցիոնալ բարեփոխումներին անդրադառնալով՝ նախարար Բադասյանը ներկայացրել է արդեն իսկ ձեւավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները եւ կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում կարեւորել նաեւ ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հակակոռուպցիոն դատարանի դերը, հակակոռուպցիոն կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը, կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման համակարգի ու առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման քաղաքացիաիրավական մեխանիզմների ներդրումը:

Ամփոփելով ելույթը՝ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ նույնիսկ ամենալավ ինստիտուցիոնալ համակարգերն ու ամենաուժեղ մեխանիզմներն ունենալու դեպքում երկրները երբեք հաջողության չեն հասնի առանց մարդկանց մտածելակերպը փոխելու եւ կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն ձեւավորելու: