Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն Աբու Դաբիում դեկտեմբերի 18-ին մասնակցել է դոնոր գործընկերների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության, Եվրոպական հանձնաժողովի, ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնյաների հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումները, բարեփոխումների հիմնական ուղղություններն ու առաջիկա անելիքները: Դրանք հիմնականում վերաբերել են արդեն իսկ ձեւավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմին, ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներին, հակակոռուպցիոն կրթական ծրագրերի իրականացմանն ու առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման քաղաքացիաիրավական մեխանիզմների ներդրման օրենսդրական աշխատանքներին:

Արդարադատության նախարարը դոնոր կազմակերպությունների գործընկերների հետ քննարկել է նաեւ հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները: