Եթե Ստյոպա Սաֆարյանը չփոխի իր մոտեցումները, ապա բացառված չէ, որ մարդիկ սկսեն լքել Հայաստանի Հանրային խորհուրդը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հանրային խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը։ «Ինքս դեռեւս չեմ կարող ասել՝ կմնամ թե ոչ։ Պետք է սպասել նրան, թե ինչպես կաշխատի մարմինը նոր նախագահի օրոք»,- հավելեց նա։

Սադոյանը նկատեց, որ դատելով Ստյոպա Սաֆարյանի վերջին հայտարարություններից՝ նա կարծես թե ընդհանրապես դեմ է եղել ՀԽ-ի գործունեությանը, թեեւ նման մարմնի առկայության անհրաժեշտությունը նախատեսված է Սահմանադրությամբ։ «Հանրային խորհրդի նախագահը պետք է հստակ դիրքորոշում ունենա կարեւոր հարցերում, եւ բացի այդ՝ այդպիսի լուրջ մարմին ղեկավարելու համար փորձ է պետք։

Նման կարեւոր հարցերից մեկն այն է, թե ինչ կլինի աշխարհի 10 մլն հայերի հետ մինչեւ 2050 թվականը։ Վարչապետը խոսում է Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի հասցնելու նպատակի մասին, սակայն ոչինչ չի ասվում աշխարհի այլ երկրներում ապրող հայերի մասին։ Այս եւ հայ ժողովրդի համար այլ կարեւոր հարցերի վերաբերյալ Հանրային խորհրդի նախագահը պետք է հստակ ձեւավորված դիրքորոշում ունենա»,- ընդգծեց նա։

Հանրային խորհրդի անդամը նշեց, որ մի քիչ հասկանալի չէ ՀԽ-ի նախագահի պաշտոնում նշանակման կանոնակարգը։ «Տրամաբանական կլիներ, եթե պաշտոնում նշանակելուց առաջ թեկնածուն սկզբում ներկայացներ իր մոտեցումները կարեւոր հարցերի վերաբերյալ եւ նպատակները պաշտոնավարելու ընթացքում»,- ամփոփեց Սադոյանը։

Նշենք, որ դեկտեմբերի 19-ին Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրային խորհրդի ղեկավար է նշանակվել Ստյոպա Սաֆարյանը։ Նա հայտնի է, որպես արեւմտամետ փորձագետ։ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը պաշտոնից հեռացել էր նոյեմբերի կեսին։