«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամներն ու «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատողները այսօր՝ դեկտեմբերի 20-ին, բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են վերագործարկել «Նաիրիտ» գործարանը։
«Մենք պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները մի կողմ դնեն 30 տարվա անտարբերությունը և Նաիրիտը ընդգրկեն ներդրումային ծրագրերի օրակարգում։ Մենք հստակ տեղեկություն ունենք, որ այսօր ներդրողների հետ հանդիպումներում Նաիրիտի մասին գրեթե չի խոսվում, որը համարում ենք հանցավոր վերաբերմունք երկրի տնտեսության հանդեպ» ,-նշեց «Կամք» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը։
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ հայտարարեց՝ «Նաիրիտի» վերագործարկման հարցը իշխանությունները պետք է ներառեն ՀՀ տնտեսական հեղափոխության օրակարգում․
«Մեզ հայտնի է, որ Նաիրիտի գույքը մաս-մաս վաճառում են անվտանգության և պահպանման ծախսերը ապահովելու նպատակով։ Եթե թույլ տանք սա, մի որոշ ժամանակ անց գործարանը անդառնալի կկորցնենք։ մեր պահանջներից մեկն այն է, որ պետությունը ստանձնի Նաիրիտի անվտանգության և պահպանման ծախսերը՝ մինչև վերագործարկումը։ Մյուս պահանջն է, որ կառավարությունը սկսի ակտիվ քննարկել Նաիրիտի վերագործարկման հարցը և այն ընգրկի ՀՀ տնտեսական հեղափոխության օրակարգում»։











