2015 թվականին անցկացված հետազոտության համձայն՝ պարզվել է, որ 8-րդ դասարանի աշակերտների 21 տոկոսի ցուցանիշները նվազագույն պահանջներից ցածր են եղել՝ այդպիսով զիջելով տեղը Ռուսաստանից եւ Ղազախստանից աշակերտներին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի կողմից նախաձեռնված «Կրթության ոլորտում բարեփոխումները, առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ընթացքում հայտարարեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմել է 5 տոկոս, Ղազախստանում՝ 2 տոկոս: «Համաշխարհային բանկի հետազոտությունների համաձայն՝ Հայաստանում 19-20 տարեկան երիտասարդների 10 տոկոսի մոտ ցածր գիտելիքների մակարդակ է: Այսինքն, եթե խոսենք մարդկային լեզվով, նրանցից յուրաքանչյուր 10-րդը իր կենսագրությունը չի կարող առանց սխալների շարադրել եւ չգիտի բազմապատկման աղյուսակը»,- նշեց Բարսեղյանը: Նա նաեւ նշեց, որ Հայաստանում ապահովված ընտանիքների երեխաները, որպես կանոն, ավելի հաճախ բարձր գնահատականներ են ստանում, քան աղքատ ընտանիքներից երեխաները: «Հարաբերակցությունը 42-43% է 34%-ի նկատմամբ»,- հավելեց նա:





























