Ֆրանսիական մրցակցության հարցերով մարմինը Google-ին տուգանել է 150 մլն եվրոյով՝ համացանցում որոնման հետ կապված գովազդի շուկայում գերակայող դիրքի չարաշահման հետ կապված, հայտնում է AFP-ն:

Ֆրանսիական կարգավորողը, ամերիկյան հսկայի դեմ առաջին անգամ պատժամիջոցներ կիրառելով, Google-ին նաեւ հանձնարարել է «հստակեցնել իր Google Ads գովազդային հարթակի աշխատանքի կանոնները» եւ որոշ գովազդատուների «ակաունտների կասեցման ընթացակարգերը»: Այս քայլն իր չափերով երրորդ պատիժն է, որ իշխանությունները երբեւէ կայացրել են շուկայում գերակայող դիրքի չարաշահման պատճառով: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է կազմակերպության ղեկավար Իզաբել դե Սիլվան:

Նրա խոսքով՝ Google-ը որոնողական գովազդում զբաղեցնում է «չափազանց գերակա դիրք»՝ շուկայի 90-ից մինչեւ 100 տոկոս բաժնեմասով, իսկ «երբ դուք մեծ իշխանություն եք տնօրինում, նաեւ մեծ պարտավորություններ եք կրում»: Նրա խոսքով՝ իշխանությունները չեն վիճում այն հարցի շուրջ, որ Google-ը սահմանում է իր որոնման գովազդային ծառայություններին հասանելիության կանոններ, բայց «այդ կանոններն էլ պետք է հստակ լինեն»:

Հակամենաշնորհային մարմնի կարծիքով՝ կանոնների վերաբերյալ անորոշությունը «կարող է խոչընդոտել ինովացիոն կայքերի մշակմանը»:

Google-ը 2 ամիս ժամանակ ունի՝ մանրակրկիտ առաջարկ կազմելու միջոցառումների եւ ընթացակարգերի մասին, որոնք ներդրվելու են, որպեսզի իր պրակտիկան համապատասխանեցնեն պահանջներին: