Էդպիսի բան գոյություն չունի: Այսօր` դեկտեմբերի 21-ին, Հանրապետության հրամպարակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Դե ասեցի, չի եղել էդպիսի բան, էլ ոնց ասեմ, դատախազությունը կգա, ոստիկանությունը կգա, իրենք բոլորը իրենց գործերը կանեն»,-ասաց նա:

Լրագրողի դիտարկմանը, թե ոստիկանապետը քաղաքապետի ընկերն է, նա հակադարձեց. «Գործի մեջ ես ընկերներ չունեմ, իմ գործունեությունից, մեկ տարի ես աշխատել եմ, ամենաշատը տուժել են իմ ընկերները»:

Հարցին,թե արդյոք նա միջնորդել է, որ Արման Սարգսյանը ոստիկանապետ նշանակվի, ասաց. «Իհարկե, ոչ, ինչի մասին է խոսքը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Ըստ նրա հաղորդման` Հայկ Մարությանը արձակուրդ գնալու հետ  կապված կեղծիք է թույլ տվել:

Դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն` Երեւանի քաղաքապետարանում առերեւույթ պաշտոնեական կեղծիք կատարվելու մասին Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու: