Միացյալ Նահանգներն ու Չինաստանն առաջընթաց են գրանցել առեւտրային բանակցություններում, եւ երկրների միջեւ գործարքի առաջին մասը կստորագրվի շուտով: Այդ մասին շաբաթ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում ուսանողների համար ելույթ ունենալիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք ձեռնարկել ենք ամենակոշտ միջոցները Չինաստանի դեմ եւ արդյունքում գրանցել առաջընթաց առեւտրային համաձայնագրի հարցում,-ասել է նա:-Փաստաթուղթը կստորագրվի առաջիկայում: Չինաստանն արդեն ձեռք է բերել գյուղատնտեսական արտադրանք ԱՄՆ-ին միլիարդավոր դոլարներով»:

«Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել (Չինաստանի առաջնորդ) Սի Ցզինպինի հետ»,-հավելել է Թրամփը:

Դեկտեմբերի 13-ին Վաշինգտոնն ու Պեկինը համաձայնեցրել էին առեւտրային գործարքի առաջին փուլը: Առեւտրի հարցերով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտնել էր լրագրողներին, որ Թրամփը համաձայնվել է անորոշ ժամկետով հետաձգել չինական ապրանքների համար նոր մաքսերի կիրառումը:

Լայթհայզերը նշել է, որ համաձայնագիրը կստորագրվի հունվարի սկզբում, ըստ ամենայնի, երկու երկրների առեւտրի ներկայացուցիչների, ոչ թե նախագահների միջեւ:Նրա խոսքով՝ ձեռքբերված պայմանավորվածությունները կօգնեն մեծացնել Չինաստանում ամերիկյան ապրանքների արտահանման ծավալը 200 մլրդ դոլարով երկու տարվա ընթացքում, իսկ ԱՄՆ-ի առեւտրային դեֆիցիտը կկրճատվի: