Ղազախստանի առեւտրի եւ ինտեգրման նախարար Բահիթ Սուլթանովը ասել է, որ ՌԴ օրենսդրության փոփոխությունները սմարթֆոնների եւ համակարգիչների վրա ռուսական լսարանին կողմնորոշված ծրագրային արտադրանքի տեղադրման անհրաժեշտության մասին կարող են հակասել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) նորմերին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Խոսքը որոշակի ծրագրային արտադրանքի նախնական տեղադրման մասին է, որոնք պետք է հենց ռուսական լինեն։ Այստեղ պարզ սկզբունք կա. չպետք է լինեն կոնկրետ ձեռնարկությունների նշումներ, մանավանդ որեւէ ազգային պատկանելությամբ, որովհետեւ մենք մտել ենք միասնական շուկա։ Մեզ համար բոլոր ձեռնարկությունները նույնն են՝ ռուսական, ղազախստանյան, բելառուսական, ղրղզական, հայկական»,- ասել է Սուլթանովը՝ պարզաբանելով Ղազախստանի դիրքորոշումն այս հարցում մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա կարծիքով՝ փոփոխությունների հիմնական սկզբունքը «հակասում է Եվրասիական տնտեսական միության համաձայնագրին եւ ԱՀԿ պահանջներին»։
Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ ՎլադիմիրՊուտինը ստորագրել է օրենք, որով նախատեսվում է ռուսական լսարանին կողմնորոշված՝ սմարթֆոնների, համակարգիչների եւ Smart TV գործառույթ ունեցող հեռուստացույցների վրա հավելվածների տեղադրման անհրաժեշտությունը։ Օրենքի տեքստի համաձայն՝ տեխնիկապես բարդ ապրանքների առանձին տեսակների վաճառքի ժամանակ սպառողի համար ապահովվում է այդ ապրանքներն օգտագործելու հնարավորություն նախապես տեղադրված ռուսական ծրագրերով՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների համար։ Տեխնիկապես բարդ սարքերի ցուցակը, կազմման եւ ռուսական ծրագրերի ցանկի ներդրման կարգը, որոնք պետք է նախապես տեղադրվեն, ինչպես նաեւ դրանց նախնական տեղադրման կարգը որոշելու է ՌԴ կառավարությունը։




























