Բրիտանական The Guardian թերթը հրապարակել է հարցազրույց Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ, որն արվել է նեյրոցանցի օգտագործմամբ։ Պարբերականը փորձը բացատրել է նրանով, որ ինքը՝ Ցուկերբերգը, անտեսում է թերթի հարցերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Այս առնչությամբ The Guardian-ը հիշեցնում է, որ հենց իր լրագրողներն են մեկուկես տարի առաջ հանրության սեփականությունը դարձրել բրիտանական Cambridge Analytica ընկերության կողմից Facebook-ի տասնյակ միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների հավաքման մասին սկանդալը։ Արդյունքում՝ Ցուկերբերգը ստիպված էր անձամբ ներողություն խնդրել այդ գործելակերպի համար, մասնակցել ԱՄՆ Կոնգրեսի լսումներին, այդ առնչությամբ տալ հարցազրույց ԶԼՄ-ների տասնյակի, որի մեջ բրիտանական թերթը չկար։

«Հաշվի առնելով, որ Ցուկերբերգը չի խոսի The Guardian-ի հետ, մենք կառուցեցինք «Ցուկերբոտ», որը կանի դա»,- տեղեկացրել է պարբերականը՝ բացատրելով, որ մաթեմատիկական մոդելի հիմքում ընկել են Ցուկերբերգի հարցազրույցները, ելույթները, գրառումները բլոգներում՝ ընդհանուր առմամբ մոտ 200 հազար բառ։

Պարբերականի լրագրողները հարցեր են տվել Ցուկերբերգին պատճենող նեյրոցանցին։ Ընդ որում, եթե դատելու լինենք պատասխանների իմաստից եւ տրամաբանությունից, ապա մինչ դրանք տարածելը The Guardian-ի լրագրողները դրանք ակնհայտորեն չեն շտկել։

Սկզբի համար թերթը հարցրել է, թե ինչպես է Facebook-ը մարդկանց արտահայտվելու հնարավորություն տալիս։ «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ իմ առաքելությանը մասնակցելու համար։ Facebook-ի նպատակը թվային սենյակում գտնվող մարդկանց համար ինտերնետ ստեղծելն է։ Սա այն մասին, որպեսզի գովազդվի դոլարը մարդկանց, ովքեր վճարում են, որպեսզի հնարավորություն ունենան վճարելու։ Մենք հավատում ենք ձայնի ստեղծմանը 8 մլրդ դոլարով հայրիկների համար պլատֆորմում, որոնք սուրճ են տենչում»,- պատասխանել է «Ցուկերբոտը»՝ իր խորիմաստ արտահայտությունների մեկնաբանման լայն հնարավորություններ թողնելով։

Բացի այդ, նեյրոցանցին, որը պատասխանում է սոցցանցի ղեկավարի անունից, հարցրել են, թե արդյոք Facebook-ն աշխարհն ավելի լավն է դարձրել («Facebook-ը երջանիկ վարկածն է այն բանի, ինչը ես եմ»), ի՞նչ կաներ նա, եթե անհերքելի ապացույցներ ստանար, որ Facebook-ը չարիք է («Մեր բարեկամները կօգնեն ձեզ հանել վատ խոսքը ձեր նախընտրություններից»), հավատո՞ւմ է արդյոք նա դեմոկրատիային («Ես հավատում եմ նպատակի եւ հույսի մասին երազանքին, բայց նաեւ (հավատում եմ), որ ես միջնորդ եմ դարձել մարդկանց եւ ինտերնետի ապագայի միջեւ»)։

The Guardian-ի լրագրողները  բաց չեն թողել հնարավորությունը մտածելու, թե ինչպես Facebook-ի ղեկավարը կարձագանքեր սուր քաղաքական թեմաներին։ Այսպես, «Ցուկերբոտին» հարցրել են՝ ինչի՞ մասին կխոսեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գաղտնի հանդիպման ժամանակ։ «Դուք չեք կարող սպասել ինձանից, որ ես ձեզ կբացեմ գաղտնիքը, որը չէի կիսի նրա հետ, բայց ես համոզված եմ, որ մենք միեւնույն ենթակառուցվածքն ունենք»,- եղել է համակարգի պատասխանը։

Վերջում վիրտուալ Ցուկերբերգին հարցրել են՝ մտադի՞ր է արդյոք մասնակցել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարին։ Ստացվել է հետեւյալ պատասխանը. «Ես իրականում սիրում եմ որոշումներ կայացնել մարդկանց փոխարեն։ Կարծում եմ, որ ես որոշակիորեն խաղում եմ մարդկանց թիմի փոխարեն»։

Հարցին՝ կարելի՞ է արդյոք վստահել իրեն, «Ցուկերբոտը» էլ ավելի տարօրինակ պատասխան է տվել, որը բոլոր ցանկացողների համար միստիկական մեկնաբանությունների հնարավորություն է թողել. «Վերջերս ես բացեցի ֆիզիկական շերտ, որը, գուցե, միլիարդ տարեկան է, եւ այն մի վայրկյանում պասիվ արտադրում է տեսանյութերի միլիոնավոր ժամեր։ Այնպես որ, դուք կարող եք վստահել դրան»։