Ոստիկանները Չեխիայից Հայաստան են բերել երրորդ նախագահի եղբորորդուն, Նարեկ Սարգսյանը, նույն ինքը՝ Ֆրանկլին Գոնսալեսը, մեղադրվում է ապօրինի զենքի ու թմրանյութերի շրջանառության համար։ Նախկին դատավորի փախուստը արդարադատությունից։ Միջնորդության ու կալանավորման որոշումը կայացնելու միջեւ ընկած ժամերի ընթացքում Սամվել Ուզունյանը հեռացել է Հայաստանից եւ հայտնվել... հետախուզման մեջ։ Խաղաղ գործընթացի արդյունքները համեստ են, բայց երկուսը վարչապետն առանձնացրել է. կայացել է Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Կասեցնել «ադրբեջանական համայնքին» բանակցային գործընթաց խցկելու փորձերը. Բակո Սահակյանը՝ հայկական դիվանագիտության առաջադրանքների մասին։ «Ադրբեջանական համայնքը» աշխուժացել է Հայաստանի նոր իշխանության ոչ պրոֆեսիոնալ քայլերի հետեւանքով. Դավիթ Շահնազարյանն ահազանգում է հայկական կողմին ձեռնտու օրակարգի կորստի մասին։ Մադրիդյան սկզբունքները «պիղծ» են, իսկ «Լավրովի պլան» գոյություն չունի. Լարիսա Ալավերդյանը դժգոհ է՝ հայկական իշխանությունները չեն բարեհաճում բացատրել իրավիճակը։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն անցել է թեժ մթնոլորտում. Ֆեդերացիայի համաժողովը խայտառակություն էր՝ համոզված է Հենրիխ Մխիթարյանի մայրը։ Հասնել եւ անցնել Jingle Bells–ին. Գարիկ Պապոյանը տարակուսում է՝ ինչպե՞ս կարելի է պատվերով համաշխարհային հիթ ստեղծել։
Չեխիայից ոստիկանների ուղեկցությամբ Հայաստան է բերվել երրորդ նախագահի եղբորորդին՝ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը։ Նա մեղադրվում է ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության համար: Հիշեցնենք, որ Եվրոպայում նա թաքնվում էր Ֆրանկլին Գոնսալես անվան տակ։
Արցախյան հակամարտության խաղաղ գործընթացի այս տարվա արդյունքները Նիկոլ Փաշինյանը համեստ է համարում, սակայն, ըստ նրա, արձանագրվել են երկու կարեւոր պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են խաղաղության նպաստավոր միջավայրի ստեղծմանը եւ բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն: Այս մասին վարչապետն ասել է Հայաստանի եւ Արցախի անվտանգություն խորհուրդների համատեղ նիստում: Նրա խոսքով՝ հրադադարի խախտումները, Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանային գոտու գնդակոծումը չեն նպաստում խաղաղ գործընթացի ծավալմանը:
Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները մնում են անփոփոխ, Արցախի Հանրապետությունը պետք է լիարժեք մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին, ասել է Արցախի նախագահը: Բակո Սահակյանի ձեւակերպմամբ՝ հայոց դիվանագիտության կարեւորագույն առաջադրանքներից է Արցախի, որպես աշխարհաքաղաքական ինքնիշխան գործոնի եւ սուբյեկտի, կարգավիճակի պահպանման անհրաժեշտությունը, ինչն իր հերթին ընդլայնում է ճկուն քաղաքականություն վարելու հնարավորությունները:
Հայաստանի գործող իշխանությունը անմիջապես հարց բարձրացրեց, որ Արցախի իշխանությունը պետք է անպայման մասնակցի բանակցային գործընթացին, բայց, քանի որ դա արվեց լրիվ ոչ պրոֆեսիոնալ ձևով, արդյունքում կա մի իրավիճակ, երբ, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» լեգիտիմություն է ստանում, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովում ասել է Դավիթ Շահնազարյանը։ «Բանակցային գործընթացում այսօր ունենք մեզ համար ձեռնտու օրակարգի կորուստ. խոսքը Վիենա-Սանկտ Պետերբուրգ-Ժնև օրակարգի մասին է», ասել է Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարը:
Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը «կոպիտ քայլ» է բնորոշել ԱԱԾ նախկին աշխատակցի հայտարարությունները՝ ուղղված երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ «նախկին գեներալ» Տիգրան Բարսեղյանn, ի թիվս այլոց, հայտարարել էր հայկական կողմի շահերին հակասող քայլերի մասին, որոնց, նրա խոսքով, պատրաստ էր դիմել Սերժ Սարգսյանը:
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ ոչ մի «Լավրովի պլան» չկա, այն գոյություն չունի։ «Որովհետեւ հակառակ դեպքում դա կնշանակեր պլանների առկայություն նաեւ մյուս համանախագահողների մոտ։ Նրանք, սակայն, ոչ մի կերպ միմյանց չեն հակասել, թեեւ շահերը տարբեր են։ «Մտածել, թե նրանք կարող են հիմա իրենցից մեկին թույլ տալ ինչ-որ մի տարբեր բան Մադրիդյան սկզբունքներից՝ միամտություն է», ասել է փորձագետը։
Պատերազմի սպառնալիքը պահպանվում է, քանի որ Ադրբեջանը գիտի, որ այն, ինչ ուզում է՝ բանակցությունների ճանապարհով չի ստանա, հայտարարել է «Վերնատուն» ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը։ Ըստ նրա՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Բաքուն պատրաստ չէ պատերազմի՝ չնայած տեխնիկայի առկայությանը։
Վազգեն Մանուկյանը նաեւ ասել է, որ «այսպես կոչված հեղափոխությունից հետո իշխանության եկած պոպուլիստները եւ նեոլիբերալները քանդում են պետության հիմքերը՝ դեմոկրատիան եւ ազգային գաղափարները»։ Նրանք ձգտում են զավթել ամբողջ իշխանությունը, պոպուլիստները միշտ կարծում են, որ իրենց իշխանությունը չի կարող փոխանցվել ուրիշ որեւէ մեկին»,- ընդգծել է Մանուկյանը, նաեւ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ունի այնպիսի իշխանություն, որը չի ունեցել անկախ Հայաստանի պատմության մեջ եւ ոչ մի այլ ղեկավար։
Հայկական բանակի ուժը օրեցօր հզորանալու է եւ այն լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր, ամփոփելով 2019 թվականը ասել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Ըստ նրա՝ մեր զինծառայողները վաստակել են լավագույնն ունենալու իրավունքը եւ նախարարությունը քայլ առ քայլ կատարում է այդ խնդիրը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել կազմակերպության գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։ Փակ գաղտնի քվեարկությամբ նա ստացել է 13 ձայն, նրա մրցակից՝ Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը՝ 7 ձայն։
3 քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Ֆեդերացիայի համաժողովին նախորդած աժիոտաժից հետո կրքեր են բորբոքվել նաեւ ընտրությունների ընթացքում։ Մելիքբեկյանի մրցակից Թովմաս Գրիգորյանը բանավիճել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Ըստ Գրիգորյանի՝ պայքարն անհավասար էր. կար իշխանության աջակցություն մյուս թեկնածուին։
Համաժողովի ընթացքը խայտառակություն է որակել, ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նախկին անդամ, ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը։ Քանի որ Մխիթարյանին չհրավիրելու մասին լուրեր են տարածվել, Մարինա Թաշճյանն ասել է՝ եթե պետք է չհրավիրեն, թող չհրավիրեն։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշել է շարունակել իր մասնակցությունը Երեւանի ավագանիում՝ ի դեմս իր միակ անդամ Դավիթ Խաժակյանի, հայտարարել է ԼՀԿ կառավարման խորհուրդը։ Խաժակյանին հետ կանչելու թեման, ի դեպ, նախաձեռնել էին կուսակցության ղեկավարները՝ դեկտեմբերի 17-ին:
Դավիթ Խաժակյանը հրավիրվել է Ոստիկանություն: Իր ֆեյսբուքյան էջում ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը հիշեցրել է, որ 4 շաբաթ առաջ Երևանի ավագանու ամբիոնից ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին, հետո նույնն արել է գրավոր: Այսօր ոստիկանությունում պարզել է, որ նույնիսկ գրավոր հաղորդումը նրանց չի փոխանցվել: «Ձեռքիս տակ եղած փաստերը պինդ պահում եմ, երբ որոշեն ուզել, կփոխանցեմ»,- գրել է նա:
Կաշառակերության համար մեղադրվող նախկին դատավոր Սամվել Ուզունյանը մեկնել է Հայաստանից եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ NEWS.am-ին Գլխավոր դատախազությունից ասել են, որ ԲԴԽ-ի ներկայացրած միջնորդությունների բավարարումից հետո՝ դեկտեմբերի 20-ի երեկոյան դատախազի որոշմամբ Ուզունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Միջնորդությունների ներկայացման եւ քննարկման ընթացքում էլ Ուզունյանը լքել է Հայաստանի տարածքը եւ որոշվել է նրա նկատմամբ հետախուզում հայտարարել: Հիշեցնենք, որ Ուզունյանը հոկտեմբերի 27-ի գործով դատաքննության նախագահողն էր։
Երգահան Գարիկ Պապոյանը անդրադարձել է իր հեղինակած ամանորյա նոր երգին, որը Փաշինյանի մտահղացմամբ իր պեպուլյարությամբ պետք է գերազանցի Jingle Bells–ին։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Պապոյանը տարակուսանք է հայտնել երգի շուրջ բարձրացված աղմուկի առնչությամբ՝ նշելով, որ իրեն փոխքաղաքապետ Վիրաբյանն է առաջարկել ամանորյա նոր երգ գրել, իսկ Նիկոլ Փաշինյանի առաջադրանքի մասին ինքը տեղեկացել է լրատվամիջոցներից։
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աննշան նվազել է եւ կազմել 478.32 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.61 դրամով ու հիմա 530.17 դրամ է, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.33 դրամով ու կազմել 622.25 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը գրեթե չի փոխվել եւ կազմել է 7.68 դրամ։
Հայաստանում հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 26-ի գիշերը, 27-ին, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-ից 6 աստիճանով, 26-28-ի ցերեկն աստիճանաբար նույնքան կնվազի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի -1+1, վաղը ցերեկը՝ 9-ից 11 աստիճան զրոյից բարձր։











