Չինաստանի իշխանությունները նախատեսում են մինչեւ եկող տարվա վերջ հինգերորդ սերնդի ցանցով պատել օկրուգային նշանակության բոլոր քաղաքները, ներկա պահին 5G-ի առեւտրային օգտագործումը կատարվում է միայն 50 խոշոր քաղաքներում, տեղեկացնում է ՊՐԱՅՄ-ը՝ հղում կատարելով Չինաստանի արդյունաբերության եւ ինֆորմատացման նախարարությանը։

Այս որոշման մասին տեղեկացվել է համազգային աշխատանքային համաժողովում՝ նվիրված արդյունաբերության եւ ինֆորմատացման հարցերին, տեղեկացվել է նաեւ, որ ներկա պահին ամբողջ երկրում տեղադրված է արդեն ավելի քան 126 հազար բազային 5G կայան։

«Մենք մտադիր ենք զարգացնել 5G ցանցերի տեղակայումը եւ ձգտում ենք, որպեսզի մինչեւ 2020 թվականի վերջ հինգերորդ սերնդի ցանցով պատենք օկրուգային նշանակության բոլոր քաղաքները»,- ասվում է հայտարարությունում։

Հինգերորդ սերնդի ցանցերի առեւտրային օգտագործումը Չինաստանում սկսվել է նոյեմբերի 1-ից, 5G-ի արտոնագրեր ունեն երկրի հիմնական բջջային օպերատորները՝ China Telecom-ը, China Unicom-ը եւ China Mobile-ը, ինչպես նաեւ Չինաստանի մեդիա-կորպորացիան, որի մեջ մտնում են Չինաստանի Միջազգային ռադիոն, Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը եւ Կենտրոնական ժողովրդական ռադիոն։

Սեպտեմբերի վերջի դրությամբ երեք հիմնական բջջային օպերատորներն ամբողջ երկրում տեղադրել են 5G-ի ավելի քան 80 հազար բազային կայան, մինչեւ տարեվերջ դրանց թիվը նախատեսվում է հասցնել 130 հազարի։

Սկզբում հինգերորդ սերնդի ցանցի առեւտրային օգտագործումը սկսվեց 50 խոշոր քաղաքներում, որոնց թվում՝ Պեկինը, Շանհայը, Գուանչժոուն, Շենչժուանը, Հանչժոուն, Նանկինը, Տյանցզինը, Ուհանը, Ցզինանը։

5G-ն թույլ կտա փոխանակել տեղեկատվություն իրական ժամանակի ռեժիմով ավելի քան 10 Գբիթ արագությամբ, ինչը 30 անգամ ավելի արագ է, քան 4G ցանցերում։ 5G տեխնոլոգիաները ապահովում են նաեւ արձագանքի նվազագույն ժամանակ տվյալների բեռնման ժամանակ եւ ցանցի ավելի մեծ տարողություն։