Ռուսաստանում բարձր են գնահատում ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները: Այս մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ դրանք արտացոլում են Հայաստանի ղեկավարության հետաքրքրված եւ պատասխանատու մոտեցումը ինտեգրացիայի զարգացմանն ու մասնակից երկրների համար ինտեգրացիոն ձեւաչափերի արդյունավետության բարձրացմանը: «Լուրջ քայլեր են ձեռնարկվում ԵՏՄ միջազգային հեղինակության բարձրացման եւ նրա միջազգային հարաբերությունների հետագա զարգացման համար»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանը նման մոտեցում է ցուցաբերել ՀԱՊԿ շրջանակում համագործակցության տեսանկյունից:

Կոպիրկին կարծիքով՝ ՀԱՊԿ քննարկումների շրջանակում խնդրահարույց հարցերը բարձրացնելու Հայաստանի ղեկավարության պատրաստակամությունը նույնպես շատ օգտակար է: «Քննարկումը ՀԱՊԿ-ի որակի եւ արդյունավետության բարելավման միջոց է: Կարծում եմ՝ այդ նպատակին հասնելուն կնպաստի այդ Կազմակերպությունում Ռուսաստանի սկսված նախագահությունը»,- ամփոփեց դեսպանը: