Ռուսաստանը զգուշորեն է վերաբերվում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին: Այս մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը զգուշորեն է վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում: «Շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանում իրավիճակը լինի խաղաղ, կայուն, որպեսզի առավելագույնս հնարավոր դառնա քաղաքական, հասարակական ուժերի կոնսենսուսը»,- ասաց դեսպանը:

Ընդ որում, նա նշեց, որ Ռուսաստանի համար առանցքային պահ է դաշնակցային հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը: Ինչ վերաբերում է ներքաղաքական օրակարգում տվյալ հարցի կիրառմանը, ապա Ռուսաստանի համար, դիվանագետի խոսքով, կարեւոր է ոչ թե քաղաքական իրավիճակը, այլ երկկողմ հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը: «Եվ մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- նշեց նա: Անդրադառնալով այդ թեմայով շահարկումներին, դեսպանը նկատեց, որ դրան բացասաբար է վերաբերվում: