Հայաստանի կենսալաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի մասին հուշագիրը գրեթե պատրաստ է: Այս մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Դեսպանի խոսքով՝ ինչպես ավելի վաղ հաղորդվել է, փաստաթղթի բոլոր դրույթները համաձայնեցվել են, եւ տվյալ փուլում մնում են որոշ տեխնիկական հարցեր: «Որեւէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Կոպիրկինը:
Նշենք, որ 2016 թվականին ԱՄՆ պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ Հայաստանում բացվեցին 3 լաբորատորիաներ՝ Երեւանում, Գյումրիում եւ Իջեւանում: Դրանց բացումից հետո հայկական եւ ռուսական լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ էին արվում այն մասին, որ այդ լաբորատորիաները երկակի նշանակության օբյեկտներ են եւ կարող են օգտագործվել ռազմական նպատակներով կենսաբանական զենք ստեղծելու եւ արտադրելու համար: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը վստահություն հայտնեց, որ հուշագիրը կամրապնդի կենսաանվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը:





























