Դանակակռիվների ու ինքնասպանությունների տխուր վիճակագրությունը։ Արյունահեղություն Մասիսում։ Կիեւյան կամրջից դարձյալ մարդ է ցած նետվել։ Ձերբակալվել է «5-րդ» ալիքի սեփականատերը։ Արմեն Թավադյանը մեղադրվում է երկրորդ նախագահի ենթադրյալ աջակցի գործով։ 2019-ը՝ 7 ռիսկերի խորացման տարի։ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցչի ախտորոշումը։ ՀՀԿ խոսնակը երեք կետով է ամփոփում անցնող տարին. «2019-ը նշանավորվեց Փաշինյանի եւ նրա թիմի խոստումների չիրականցմամբ, աբսուրդային հայտարարություններով եւ պետական ինստիտուտների դեմ հարձակմամբ»։
Նախկին վարչապետի հուսահատ քայլը. եթե գտնվի եւս մեկ երկիր, որտեղ արտագաղթ կա, բայց կա նաեւ տնտեսական աճ եւ ազգային դրամն արժեվորվում է, Հրանտ Բագրատյանը ցած կնետվի շենքի տանիքից։ Կառավարական պարգեւավճարներն ու զոհված ազատամարտիկների ընտանիքները. «Մեզ բացակա չդնեք» կազմակերպության անդամները վիրավորված են իշխանությունից։ Մանվել Գրիգորյանն ամանորը կդիմավորի անազատության մեջ։ Դատարանը մերժել է գեներալի պաշտպանների 14-րդ միջնորդությունը։ ԵՊՀ ուսխորհրդի նախագահը բերման է ենթարկվել որպես կասկածյալ, հարցաքննվել որպես վկա։ Դավիթ Ափոյանը վիճարկելու է իրեն բերման ենթարկելու օրինականությունը։ «ԿամԱԶ»-ների գործարքը դասական քաղաքական կոռուպցիա էր։ Դավիթ Խաժակյանը պարզաբանում է. կոռուպցիան միայն փող տալ-վերցնելը չէ։
Երեկ երեկոյան Մասիսի ոստիկանները ահազանգ են ստացել, որ «շտապօգնության խումբը» պարանոցի եւ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով հիվանդանոց է տեղափոխել 17-ամյա մի երիտասարդի, որը ճանապարհին մահացել է։ Իրավապահները պարզել են, որ չշահագործվող գորգագործական արտադրամասի տարածքում երկու հասակակից պատանիների՝ կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումն է ավարտվել արյունահեղությամբ։ Կասկածյալը ձերբակալվել է։
Ձերբակալվել է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը։ Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ Թավադյանը ձերբակալվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի քրեական գործով։ Հիշեցնենք, որ Մկրտչյանը մեղադրվում է ցուցմունքից հրաժարվելու նպատակով Մարտի 1–ի գործով տուժողին կաշառք առաջարկելու համար: Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
2019-ը նոր սպառնալիքների, նոր մարտահրավերների ու նոր ռիսկերի տարի էր, ասել է Էկոնոմիկայի եւ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը։ Նա տեղեկացրել է, որ խնդիրը քննարկվել է նաեւ ՀՅԴ Գերագույն մարմնում եւ 2019-ը ձեւակերպվել է որպես 7 ռիսկերի խորացման տարի։
Այս կառավարության տվյալներով՝ Համախառն ներքին արդյունքի 99 տոկոսը սպառումն է, եւ միայն 1 տոկոսն է ներդրում, մինչդեռ սպառման առավելագույն շեմը պետք է լինի 70 տոկոս, «Պոլիտէկնոմիա» ինստիտուտի տարեկան ամփոփիչ համաժողովին հայտարարել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Հեռակա դիմելով վարչապետ Փաշինյանին, Բագրատյանն ասել է, որ եթե տրանսֆերտների տեսքով տարեկան մեկուկես միլիարդ փող ես ստանում, որն այստեղ չի աշխատում, դրա դիմաց արտադրություն ու ծառայություններ չեն ստեղծվում, դրանով դու ապրանքների ու ծառայությունների դոլարային գներն ես բարձրացնում։
Տեսնում եք՝ պարգեւավճարներն ում են տալիս, իսկ իրենց կյանքը հայրենիքին տված տղաներն անտեսվում են, «Եռաբլուր» պանթեոնում ասել է «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը։ Նա վիրավորական է համարել, որ զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցելու իրենց բազմակի դիմումները Նիկոլ Փաշինյանն անպատասխան է թողել։
2019-ը Փաշինյանի եւ նրա թիմի չիրականացրած խոստումների, աբսուրդային հայտարարությունների եւ պետական ինստիտուտների դեմ հարձակման տարի էր, լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Մեկ տարի առաջ Փաշինյանն Իրանում հայտարարեց Հայաստանում օտարերկրյա գործակալների առկայության մասին, մինչդեռ անվտանգության մարմինները մինչեւ օրս չեն հայտնաբերել եւ վնասազերծել որեւէ օտարեկրյա գործակալի՝ ասել է Շարմազանովը:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների արդեն 14-րդ միջնորդությունը։ Հիշեցնենք, որ փաստաբանները միջնորդել էին գրեթե 1,5 միլիարդ դրամի 25 միավոր անշարժ գույքի գրավի դիմաց ազատ արձակել գեներալին։
Մարդկանց շրջանում կոռուպցիան անձնական հարստացման հետ ասոցացվող երեւույթ է, բայց պետք է հասկանալ, որ կոռուպցիան նաեւ լինում է քաղաքական, լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով հարցման տվյալներով իշխող կարծիքին, թե Երեւանի քաղաքապետարանին գործարարների կողմից մեքենաների նվիրաբերումը կոռուպցիա չէ։ Նրա խոսքով՝ «ԿամԱԶ»-ների գործարքի դեպքում եղել է դասական քաղաքական կոռուպցիա, որի նպատակը սեփական կառավարչական ձախողումները քողարկելն է։
ԵՊՀ ՈՒսանողական Խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը վիճարկելու է իրեն բերման ենթարկելու օրինականությունը։ Մայր բուհի բակում կրակոցներով ուղեկցված միջադեպի առնչությամբ Ափոյանին այսօր ԵՊՀ–ից ձեռնաշղթաներով նախ որպես կասկածյալի են բերման ենթարկել, հետո հարցաքննել որպես վկա։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.83 դրամով եւ կազմել 479.15 դրամ: Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0.49 դրամով եւ հասել 530.66 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.33 դրամով ու կազմել 619.45 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով ու կազմել է 7.72 դրամ։
Հայաստանում դեկտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +10+12:











