Youtube-ը սկսել է արգելափակել կրիպտոարժույթին նվիրված տեսանյութերը։ Առաջինն այդ մասին հայտնել է բլոգեր Քրիս Դանը, որի տեսահոլովակները որակվել են որպես «վնասաբեր կամ վտանգավոր կոնտենտ» եւ հեռացվել են ալիքից, հայտնում է РБК-ը։

«YouTube-ը հենց նոր հեռացրեց կրիպտոարժույթի վերաբերյալ իմ տեսանյութերի մեծ մասը՝ հղում կատարելով «վնասաբեր կամ վտանգավոր կոնտենտին» եւ «այն ապրանքների վաճառքին, որոնց շրջանառությունը կարգավորվում է հատուկ օրենքներով»։ Մենք արդեն 10 տարի տեսանյութեր ենք պատրաստում, հավաքել ենք ավելի քան 200 000 հետեւորդներ եւ ավելի քան 7 մլն դիտումներ։ Ի՞նչ եք անում, տղեք»,- Twitter-ի իր էջում գրել է բլոգերը։

Ներկա պահին հայտնի է արդեն ավելի քան տասը նման դեպքերի մասին։ Binance բորսայի ղեկավար Չժաոն դա համարել է այն պատճառը, ըստ որի՝ կրիպտոարդյունաբերության ներկայացուցիչները պետք է միավորվեն անկախ եւ գրաքննության չենթարկվող սոցիալական մեդիա-պլատֆորմ ստեղծելու համար։

«Գուցե եկել է ժամանակը, երբ կրիպտոհանրույթը պետք է սկսի աշխատանքը սոցիալական կողմնորոշվածություն ունեցող սեփական պլատֆորմ ստեղծելու ուղղությամբ՝ բլոքչեյնի հիման վրա։ Իհարկե, շատ խնդիրներ կան լուծելու՝ սպամ, խարդախություն, հեղինակային իրավունքների խախտում, կոնֆիդենցիալություն եւ այլն... Բայց արժե սկսել»,- ասել է Չժաոն։