Հայաստանում աղմկոտ հրաժարականները, դատավարությունները, դատարանների վրա ճնշումները եւ բողոքի ցույցերը կշարունակվեն նաեւ 2020-ին: Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Ոստիկանության պետի հրաժարականները կանխատեսելի էին: «Մեթոդը, որով հեղափոխականները իշխանության եկան, հուշում էր, որ պետական ապարատում կադրերի հետ խնդիրներ կառաջանան, ինչի մասին ասել է նաեւ վարչապետը: Այս պատճառով իշխանափոխությունից հետո հեղափոխականները եւ կադրավիկները կողք կողքի հայտնվեցին: Փաշինյանը, սակայն, հասկանում է, որ համապատասխան ռեսուրսներ եւ 30 հազար աշխատակիցներին փոխարինողներ չունի: Հարցն անգամ մարդկանց մեջ չէ, այլ համակարգի, կուսակցական շինարարության բացակայության, առանց որի անհնար է խոսել արդյունավետ խորհրդարանական կառավարման մասին»,- նշեց նա:

Իսկանդարյանը շեշտեց, որ Իջեւանում, Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի հարցերով հանրահավաքները, ԵՊՀ-ի շուրջ իրավիճակը եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերը դարձան վստահության էրոզիայի դրսեւորումներ, էյֆորիայի անկման եւ մարդկանց չարդարացված մեծ սպասումների տրամաբանական շարունակություն:

Քաղաքագետը նշեց, որ նոր ուժերն իշխանության եկան այն բանի ֆոնին, որ մերժում էին հինը, եւ դա օգնեց ապահովել անհրաժեշտ սոցիալական բազա, սակայն այն բանից հետո, երբ «Սերժին մերժեցին», մարդկանց կյանքում ոչ մի զգալի փոփոխություն չեղավ: Եվ սա բողոքի ցույցերի պահանջ առաջացրեց: «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխանափոխությունը տեղի ունեցավ սոցիալական բողոքների ֆոնին, այլ ոչ ղարաբաղյան հիմնախնդրի: Սրանով էլ բացատրվում է Փաշինյանի այն հայտարարությունը, որ «Արցախը Հայաստան է», ինչն, ըստ էության, երկրի համար նոր արտահայտություն չէ, բայց օգտագործվել է այլ համատեքստում»,- ասաց քաղաքագետը:

Փորձագետը նշեց, որ Հայաստանում ամեն ինչ ավանդաբար վերադառնում է ի շրջանս յուր, եւ կրկին բողոքի ցույցերից հետո երկրում հիմնավորվել է թույլ ընդդիմություն եւ թույլ իշխանական կուսակցություն, որն անչափ անջատ-անջատ է, դրանում մարդիկ ոչ մի բանով միավորված չեն, բացի նրանից, որ իշխանության են:

Ալեքսանդր Իսկանդարյանը հավելեց, որ ոչ մի անսպասելի բան չկա այն բանում, որ գործ է հարուցվել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: «Իշխանափոխությունից հետո մեղադրանքներ են առաջադրվում նրանց, որոնք ինչ-որ կերպ կապված են եղել նախորդ իշխանությունների հետ: Նոր իշխանությունները փորձում են իրենց ընդդիմախոսների «քաղաքական գլուխները» կծել, եւ այստեղ ոչ մի արտառոց բան չկա: Նույնը կարելի է ասել նաեւ դատական համակարգի մասին: Դրա վրա ճնշումը կշարունակվի նաեւ 2020 թվականին»,- ամփոփեց Կովկաս ինստիտուտի տնօրենը: