Այս տարի Հայաստանում գործող իշխանության կողմից իրավական տեսակետից ոչ մի քաղաքականություն չի վարվել՝ ուղղված երկրում իրավունքի գերակայության սահմանմանը, ինչի մասին մինչ այդ մշտապես հայտարարվում էր։ Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ նման քաղաքականություն չի վարվել ոչ գործադիր, ոչ օրենսդիր իշխանության կողմից։ «Հայաստանի դատական իշխանությունը ցանկանում է իրականացնել արդարադատություն երկրում, բայց գործադիր իշխանության ճնշման տակ այդպես էլ չի կարողացել անել դա։ Միեւնույն ժամանակ, դատական իշխանությունը չկարողացավ երկրում իրականացնել արդարադատություն առկա կոռուպցիոն մեխանիզմների պատճառով, որոնք բնորոշ են նրան»,- ասաց Փոստանջյանը՝ ավելացնելով, որ լյուստրացիաներ չեղան, եւ դատավորները, որոնք աշխատում էին նախկին ռեժիմի օրոք, մնացին իրենց տեղերում, եւ հիմա սպասարկում են նոր իշխանության շահերը, քանի որ նրանց վրա լուրջ կոմպրոմատներ կան։

Ընդդիմադիրը նաեւ ընդգծեց, որ գործող իշխանությունների կողմից խրախուսվում են անօրինական գործողությունները զանգվածային լրատվամիջոցների դեմ։ Որպես օրինակ նա, մասնավորապես, նշեց «Հայելի» ակումբի վրա հարձակումը եւ «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի երեկվա ձերբակալությունը։