Իրավապահների պահանջը ԶԼՄ-ներից՝ գաղտնազերծել իրենց աղբյուրները, նրանց աշխատանքի լուրջ խոչընդոտ է։ Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նա նշեց, որ այսօր ճնշումը ԶԼՄ-ների վրա ավելի հաճախ արդարացնում են նրանով, որ դրանց մի մասը ապատեղեկատվություն է տարածում։ «Բայց երկրի օրենսդրությունն ապահովում է բոլոր անհրաժեշտ մեխանիզմները, որոնց օգնությամբ նման ԶԼՄ-ները կարելի է կարգի հրավիրել։ Եթե հրապարակումը չի անցնում վիրավորանքի կամ զրպարտության սահմանը, ապա ԶԼՄ-ն պետք է պաշտպանվի, հակառակ դեպքում կարելի է դիմել դատարան։ Որքան ավելի շատ որոշումներ լինեն ԶԼՄ-ների դեմ, որոնք զբաղվում են զրպարտությամբ եւ վիրավորանքով, այնքան ավելի շատ դա կհարվածի նրանց վարկանիշին»,- պարզաբանել է Խուդոյանը։

Հիշեցնենք, որ ԶԼՄ տվյալներով՝ «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը վերջերս կանչվել է հարցաքննության քրեական գործի շրջանակում՝ մարտի 1-ի գործով որոշ պաշտոնատար անձանց ցուցմունքների հրապարակման հետ կապված։ Հատուկ քննչական ծառայությունը պահանջել է բացել տեղեկատվության աղբյուրը։