ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ամփոփիչ հանդիպում Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ-Զաաբիի (Mohamed AlZaabi), Եգիպտոսի դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի (Bahaa El Din Bahgat Dessouki), Լիբանանի դեսպան Մայա Դաղերի (Maya Dagher), Իրաքի դեսպանության երրորդ քարտուղար Դալյա Ահմեդի (Dalya Ahmed) եւ Սիրիայի դեսպանության հյուպատոս Բաշար Սաֆիեի (Bashar Safie) հետ, հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց մերձավորարեւելյան ուղղությամբ Հայաստանի վարած քաղաքականությունը եւ առաջնահերթությունները: Մերձավորարեւելյան տարածաշրջանի գործընկերների հետ ամփոփվեցին ընթացիկ տարվա ընթացքում համատեղ իրականացված աշխատանքները՝ գոհունակությամբ արձանագրելով ձեւավորված օրակարգերի բազմակողմանիությունը: Միաժամանակ քննարկվեցին առաջիկա տարում նախատեսվող կարեւոր միջոցառումներն ու ծրագրերը:

Որպես նոր հեռանկարային ուղղություններ` Միջին Արեւելքի արաբական երկրների դեսպաններին ներկայացվեցին հայաստանյան բուհերի օտարերկրյա ուսանողների ընդունելության հնարավորությունները եւ բարձրագույն կրթության ոլորտում փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարներն արաբական երկրների համալսարանների հետ: Անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանի մարզերի արտադրանքի արտահանման ու զբոսաշրջության զարգացման հնարավորություններին: