Պայթյունավտանգ դրություն Գյումրիի ավտոմաքսատանը։ Մարդիկ կիլոմետրերով հերթեր են կանգնում, մաքսատուն հասնում մի քանի օրում։ Հասցնել մինչեւ Ամանորի կեսգիշեր։ 2019 թվականի ցածր մաքսային սակագնով սպասարկելու համար ավտոմաքսատունը կաշխատի մինչեւ դեկտեմբերի 31-ի 0 ժամը։ Խոշոր կաշակերության դեպք՝ ՊԵԿ-ում։ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է հարկայինի 2 աշխատողի, 3-րդին դեռ որոնում է։ Սահմանադրական դատարանի 7 անդամների հայտարարությունը. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ խստիվ պահպանել սահմանադրական օրենքի պահանջները: Հասարակությունը դուրս է գալիս թմբիրից, հատկապես մտածող հատվածը. Դավիթ Շահնազարյանն ամփոփում է տարին։ Միլիոններ՝ նախարարներին, հազարներ՝ թոշակառուներին. տավուշցիների խնդրանք-պահանջները վարչապետ Փաշինյանից։
Գյումրիի ավտոմաքսատանը պայթունավտանգ իրավիճակ է: NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները բողոքում են, որ կիլոմետրով հերթեր են գոյացել եւ իրենք այլեւս չեն հասցնի մինչեւ վաղը երեկոյան մաքսազերծում կատարել: 6 կիլոմետրանոց հերթում կանգնած վարորդը 24 ժամում առաջ է շարժվել 600 մետրով: Ավելի ագրեսիվները վազանցելով մյուսներին՝ արագ մաքսազերծում են իրենց մեքենաները, մյուսներն էլ մնում են հերթում։ Ըստ վարորդներից Գոռ Մկրտչյանի, ոստիկանները չեն միջամտում, մինչդեռ վիճաբանություններից մեկը գիշերն ավարտվել է դանակահարությամբ։
Ոստիկանության աշխատակիցն էլ NEWS.am-ին ասել է, որ խնդիրներ չկան, քաղաքացիները նույնիսկ մոտենում են ու շնորհակալություն հայտնում: Հիշեցնենք, որ վարորդները փորձում են մեքենաները մաքսազերծել մինչեւ դեկտեմբերի 31-ը ժամը 18-ը, քանի որ հունվարից հետո մաքսազերծման վճարները զգալիորեն ավելանալու են:
ԱԱԾ-ն ՊԵԿ պաշտոնյաների կողմից խոշոր չափերով կաշառակերության դեպք է բացահայտել: Անվտանգության ծառայությունը հանցագործության մասին հաղորդում ստանալով ձեռնարկատեր քաղաքացուց, բացահայտել է հարկային տեսչության 3 աշխատակիցների չարաշահումներ։ Նրանք 300 հազար դրամ կաշառք են վերցրել, նաեւ պարտավորեցրել ամեն ամիս վճարել եւս 50 հազար դրամ։ 2 պաշտոնյա ձերբակալվել է, 3-րդը որոնման մեջ է։
ԱԱԾ-ն բացահայտել է կաշառք ստանալու եւս մեկ դեպք: Առողջապահության նախարարության «Դատական բժշկության գիտագործնական կենտրոնի» Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչը շուրջ 60 հանգուցյալների ազգականներից դիահերձումների համար որպես կաշառք վերցրել է 30-ից 35 հազարական դրամ, ընդհանուր առմամբ ստանալով առանձնապես խոշոր՝ ավելի քան 2 միլիոն դրամ կաշառք:
Սահմանադրական դատարանի 7 անդամները համատեղ հայտարարությամբ հորդորում են քրեական վարույթի շրջանակում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի պահանջները: Բարձր ատյանի դատավորները պնդում են, որ անկախ ստեղծված իրավիճակից՝ աշխատում են բնականոն հունով, հավատարիմ մնալով Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը, շարունակելով ապահովել Մայր օրենքի գերակայությունը:
ԱԱԾ նախկին ղեկավարը վստահ է, որ ՍԴ անդամներն իրենց արժանապատվությունը չեն վաճառի։ Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ նրանք պետք է հասկանան, որ սա իրենց մարտական դիրքն է, որը լքելու իրավունք չունեն։ Նա հիշեցրել է, որ ժամանակին եղել է Ռոբերտ Քոչարյանի կոշտ ընդդիմախոսը, սակայն հիմա տեսակների պայքար է եւ այդ պայքարում ինքը երկրորդ նախագահի կողքին է։ Հասարակությունը դուրս է գալիս թմբիրից, հատկապես մտածող հատվածը հասկանում է, թե ինչ մեծ վտանգի առաջ է կանգնած պետությունը: Շահնազարյանի ձեւակերպմամբ՝ իշխանությունը լինելով տգետ, միաժամանակ շատ խելոք է գործում անընդմեջ շրջանառության մեջ դնելով արհեստական օրակարգեր։ Իշխանություններն, ըստ Շահնազարյանի՝ գիտակցված թուլացնում են պետականությունը եւ այդ գործում մեծ ներդրում ունի Բաց հասարակության հիմնադրամը։ Պետական համակարգի կազմալուծման հիմնական թիրախը, Շահնազարյանի համոզմամբ, Արցախի հարցն է։
Ամենայն հայոց կաթողիկոսի ու տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, որը նույնպես համազորայինի համազգեստով էր, Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բաղանիսի տարեց բնակչուհին նրան է դիմել թոշակները բարձրացնելու հարցով:
Բաղանիսցների մի խումբ էլ հայտարարել է, թե չի ցանկանում, որ իրենց գյուղի դպրոցի տնօրենը այլ համայնքի բնակիչ լինի:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.20 դրամով ու կազմել 479.70 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.19 դրամով ու հասել 537.26 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքմ ավելացել է 2.57 դրամով ու կազմել 629.13 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աննշան է աճել ու կազմել 7.77 դրամ։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-4-ն օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս տեղումներ չեն սպասվում։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +10+12։











