Գրեթե ամեն օր տարբեր միջազգային ատյաններում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հարցը, եւ ներկա խորհրդարանի ու քաղաքական դաշտի պայմաններում, հայկական կողմը չի կարող հակազդել նման միտումներին: Այս մասին այսօր` ապրիլի 13-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության Կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, նշելով, որ Հայաստանը հնարավոր է բախվի փաստի հետ, երբ խնդիրները կլուծեն իր փոխարեն` առանց իր մասնակցության:
«Հայ խորհրդարանականների ամեն ինչ բոյկոտելու սովորությունը թուլացնում է Հայաստանի դիրքերը: Հայ խորհրդարանականները որոշել են բոյկոտել ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները, դրանով արձակելով ադրբեջանցիների ձեռքերը, քանի որ ենթահանձնաժողովը մնացել է եւ գործելու է»,- ասել է նա:
Ս. Գրիգորյանի խոսքով, Խորհրդարանական վեհաժողովները այս կամ այն միջազգային կառույցի քաղաքականությունն են ձեւավորում եւ այդտեղ ընդունված բանաձեւերը հաշվի են առնվում որոշումներ կայացնելիս: «Հայաստանի խորհրդարանի թուլության պատճառով երկրի նախագահը ստիպված է բոյկոտել ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որը չափազանց կարեւոր միջոցառում էր: Ստեղծված վիճակում նախագահի որոշումը միակ ճիշտ որոշումն էր, քանի որ ՆԱՏՕ-ի փաստաթղթում ԼՂ հարցի վերաբերյալ նշվում էր միան տարածքային ամբողջականության մասին դրույթը»,- ասել է Գրիգորյանը, հավելելով, որ ՆԱՏՕ-ն մի կառույց է, որը պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականությունը: «Հարցն այն է, որ հայկական կողմը հնարավորություն ուներ նպաստել, որպեսզի Ղարաբաղի մասին հատվածն ընդհանրապես դուրս գա փաստաթղթից»,- ընդգծել է քաղաքագետն ու հիշեցրել, որ ՆԱՏՕ-ն բազմիցս է հայտարարել, որ մտադիր չէ խառնվել հետխորհրդային տարածքում առկա հակամարտություններին:





























