Բաղդադում ցուցարարները հրկիզել են ԱՄՆ-ի դեսպանատան դարպասը՝ այդկերպ քննադատելով շիիթների ապստամբությանն ուղղված ավիահարվածները. այրվում է դիվանագիտական առաքելության մուտքերից մեկը, դեպքի վայրից հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է, որ ցուցարարները փորձել են գրոհել Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան գլխավոր դարպասները, որը տեղակայված է Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտում», որտեղ գտնվում են այլ դեսպանատներն ու կառավարական կառույցները: ԱՄՆ-ի դեսպանատան մոտ բողոքի ակցիաները սկսվել են ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերից արձակված հարվածների հետեւանքով զոհված «Քաթաիբ Հեզբոլահ» շիիթական խմբավորման անդամների հուղարկավությունից անմիջապես հետո:
ԱՄՆ-ի դեսպանատան դիվանագիտական անձնակազմը, այդ թվում՝ դեսպանը, նախապես տարհանվել են դեսպանատան շենքից եւ արդեն հեռացել Իրաքից:
ԱՄՆ-ի դեսպանատան պատն ամբողջությամբ այրվում է, մերձակայքում գտնվում են երիտասարդներ, որոնք վանկարկում են հակաամերիկյան կարգախոսեր եւ նետում քարեր դիվանագիտական համալիրի ուղղությամբ: Դեսպանատան շուրջ հավաքվել են «ալ-Հաշդ աշ-Շաաբի» շիիթական ապստամբության տարբեր խմբավորումների հազարավոր անդամներ:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հարվածներ էր հասցրել Իրաքում եւ Սիրիայում «Հեզբոլահ» շարժման օբյեկտների ուղղությամբ՝ «ի պատասխան իրաքյան բազաների ուղղությամբ «Քաթաիբ Հեզբոլահ»-ի շարունակական հարձակումների»: Պենտագոնում պարզաբանել են, որ այդկերպ պատասխան գործողություններ են ձեռնարկվել Քիրքուքի մերձակայքում իրաքյան բազայի ուղղությամբ շարժման հարձակումներից հետո, որոնց հետեւանքով զոհվել է ԱՄՆ-ի մեկ քաղաքացի եւ վիրավորվել եւս չորս ամերիկացի: ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին «Հեզբոլահ»-ը հովանավորելու մեջ:



























