Դրամի փոխարժեքի մասին կանխատեսումներ անելը շատ անշնորհակալ գործ է: Այդ մասին այսօր` ապրիլի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա խոստացել է, որ դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներ չեն լինի, եւ Կենտրոնական բանկն ի վիճակի է լուծել այդ խնդիրը: Վարչապետի կանխատեսմամբ` Հայաստանին սպասում են լուրջ փորձություններ, բայց կառավարությունն ի վիճակի է դրանք գնահատել եւ հաղթահարել:

«Կառավարությունն ի վիճակի կյանքի կոչել իր ծրագիրը եւ նախագահի պահանջները, սակայն կառավարության գործունեությունը բարդացվում է ոչ միայն տնտեսական ճգնաժամի, այլեւ` անցկացվող բարեփոխումների նկատմամբ որոշակի ուժերի հակադրման պատճառով»,- ասել է նա:

Վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունը համարձակ կլինի մենաշնորհների, օլիգոպոլիաների դեմ պայքարում եւ շուկայի կանոնակարգման գործում:

Սարգսյանը նաեւ հայտարարել է, որ հանրապետությունում առկա են բազմաթիվ խնդիրներ, սակայն կառավարությունն ինքն է բարձրաձայնում եւ լուծում դրանք, չսպասելով ընդդիմության քննադատությանը, եւ դա ընդդիմության համար անակնկալ է դարձել: Վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ մոտ ժամանակներում սպասվում է մեծ տրանշ հակակոռուպցիոն հիմնադրամից: