Անցյալ տարին անցավ իրապես շատ ծանրաբեռնված, որովհետեւ պետք էր հասկանալ մի բան, որ մենք՝ որպես ընդդիմություն, ընկալված լինելու խնդիր ունեինք, եւ ես կարծում եմ՝ դեռեւս ունենք։ Այս մասին ֆեյսբուքյան եթերում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Խնդիրն հետեւյալն էր՝ մարդիկ ասում էին լավ, հեղափոխություն է եղել, ինչի՞ է պետք ընդդիմությունը։ Բայց ուզում եմ ձեզ բացատրել, որ ընդդիմության գործն իշխանությանը հսկելն է եւ իշխանության գործունեության հետեւողական դիտարկում իրականացնելը։ Օրինակ, պատկերացնենք՝ ինչ-որ սխալ է տեղի ունեցել, դրա մասին եթե լռում է իշխանությունը, ո՞վ պետք է խոսի, եթե ոչ մենք։ Այսինքն՝ մենք ասում ենք՝ ա՛յ, էս բանը սխալ եք արել, իրենք այդ սխալը կամ ուղղում են, կամ ասում են սխալ չենք արել, լավ ենք արել։ Բայց պատկերացրեք՝ եթե մենք դա չենք ասում, ասողները նախկին իշխանության ներկայացուցիչներն են, ասածը որեւէ կերպ տեղ չի հասնելու։ Այսինքն՝ մեր ժողովուրդը պետք է գիտակցի՝ աշոտյաններին է ուզում ընդդիմությո՞ւն, թե՞ մեզ։ Ես կարծում եմ՝ ժողովուրդն այդ որոշումը կայացրել է դեռեւս դեկտեմբերի 9-ին եւ որոշել է ընտրել մեզ որպես ընդդիմություն»,-նշեց նա։

Մարուքյանի խոսքով՝ իրենք ինչ անում են, ուզում են, որ լավ լինի․ «Մեր հասկացվածության խնդիրն այն է, որ մարդիկ պետք է հասկանան, որ մենք ինչ անում ենք, ուզում ենք, որ ավելի լավ լինի․ քննադատում ենք, ուզում ենք ավելի լավ լինի, օրենքի նախագծեր ենք ներկայացնում, որին իշխանությունը չի համաձայնում, էլի միտված է նրան, որ ավելի լավ լինի։ Պարզ է, որ հեղափոխությունից հետո բավականին բաներ դրական ճանապարհով ընթանում են, մենք դա ողջունում եւ աջակցում ենք։ Մեզ անընդհատ գրում են՝ իշխանության հետ եղեք, իշխանության կողքին կանգնեք եւ այլն։ Ժողովուրդ ջան, ի՞նչ է նշանակում կողքին կանգնեք, ոնց կարելի է քաղաքականությունը կենցաղային մակարդակում քննարկել, քաղաքականության մեջ քաղաքական ուժերը ունեն բանաձեւեր, ծրագրեր, նպատակներ եւ դրանից բխող գործողություններ են իրականացնում։ Մենք ակնկալում ենք, որ 2020 թվականին որ նախարարը որտեղ սխած թույլ տվեց, կոռուպցիոն գործարքի մեջ մտավ, մենք պետք է բարձրաձայնեք, քննադատենք եւ ձեզ իրազեկենք, մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը այդ հարցում, որ ավելի լավ լինի՝ ինչ խոսոտում տրվեց, չկատարվեց, դրան էլ հետեւողական լինել, ինչ սխալ արվեց, դրան հետեւողական լինել»։

Նա նաեւ անդրադարձավ Երեւանի քաղաքապետարանին եւ «ԿԱՄԱԶ»-ներին․ «Ասում են՝ «ԿԱՄԱԶ» են վերցնում, շինթույլտվություն են տալիս, ասում եք՝ հո՞ տուն չի տարել։ Պատկերացրեք՝ ինչ-որ մեկը դիմել է շինթույլտվության համար եւ մերժում ստացել, հիմա էդ մարդն ընկել է մտքերի մեջ, ասում է՝ կարող ա՝ պետք ա «ԿԱՄԱԶ» առնեի՞, դրա համար չեն տվել շինթույլտվություն, մտածմունքների մեջ ա մարդը։ Եթե ասում եք՝ ամբողջ աշխարհում նման պրակտիկա կա, 88 մանդատ ունեք, բերեք, օրենք ընդունեք, օրենքով արեք, չեք կարողանում ընդունեք, ասեք՝ մենք ընդունենք, այ ախպեր ջան։ Բայց երբ սխալը մենք ցույց ենք տալիս, բարձրաձայնում ենք, մի զարմացեք, մի ասեք՝ վայ, բա էս ի՞նչ եղավ»։