Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիան գնահատել է ավտոմատացման հեռանկարները: Զանգվածային գործազրկություն չի լինի, սակայն ռոբոտների հարկեր կսահմանվեն՝ ավելի խոցելի աշխատախմբերին պաշտպանելու համար, գրում է HighTech+-ը:

Ակադեմիայի զեկույցի համաձայն՝ ռոբոտների թիվը չի հանգեցնի աշխատատեղերի կրճատմանը 14-րդ հնգամյակի ընթացքում, որն սկսվել է 2021 թվականին:

Ցածր որակավորում ունեցող աշխատողները չեն կորցնի իրենց աշխատատեղերը, այլ պարզապես կանցնեն այլ պաշտոնների: Միեւնույն ժամանակ, 13-րդ հնգամյակի վերջին ռոբոտները զբաղեցրել են 8-10 մլն աշխատատեղ, որոնք ավելի վաղ զբաղեցնում էին ներգաղթյալները:

Չինաստանում ռոբոտներն ակտիվորեն ներգրավվում են տնտեսության ոլորտներում: Շատ հյուրանոցներ եւ ռեստորաններ ռոբոտներն օգտագործում են մատուցողների եւ սպասուհիների փոխարեն: Արդյունաբերական ռոբոտների թվով երկիրն առաջ է անցել ԱՄՆ-ից եւ Եվրոպայից: Միայն 2018 թվականին տեղադրվել է նման 154 032 մեքենա:

Սակայն որոշ դեպքերում «չինական ձեւով» ավտոմատացումը հանգեցնում է զանգվածային հեռացումների: Միեւնույն ժամանակ, գիտնականների հաշվարկները ցույց են տալիս, որ ռոբոտացման առումով լավատեսությունն արդարացված է: Աշխատուժի արտադրողականության բարձրացումը կնվազեցնի արտադրանքի գները, ինչը կբարձրացնի պահանջարկը եւ կպահանջի լրացուցիչ աշխատողների ընդունում:

Ավտոմատացման բացասական հետեւանքներից խուսափելու համար ակադեմիան առաջարկում է հարկեր սահմանել ռոբոտների օգտագործման համար: Դրանց հաշվին ստացված միջոցները կփոխանցվեն խոցելի աշխատողների վերապատրաստումը ֆինանսավորելու համար: