«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ այսօր՝ հունվարի 8-ին, բողոք կներկայացվի Վերաքննիչ դատարան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
«Բողոք է ներկայացվելու Վերաքննիչ դատարան՝ խափանման միջոցի կիրառման դեմ, եթե արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, ակնկալում ենք, որ եկող շաբաթ արդեն կհրավիրվի դատական նիստ»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։
Նշենք, որ քիչ առաջ Դատախազությունը մերժեց Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է, ըստ Ոստիկանության տեսանյութի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։











