Twitter Inc. միկրոբլոգների ծառայությունը ընթացիկ տարվա սկզբին թեստավորելու է նոր գործառույթներ, որոնք օգտատերերին թույլ կտան վերահսկել՝ ով է իրենց թվիթներին պատասխանում, նշված է ընկերության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ցանկանում ենք մարդկանց օգնել Twitter-ում զրույցի մասնակցելիս իրենց անվտանգության մեջ զգալ՝ նրանց տրամադրելով իրենց սկսած զրույցների ավելի մեծ վերահսկողություն: 2020 թվականի սկզբին մենք կփորձարկենք տարբերակներ, թե ով կարող է թվիթներին պատասխանել»,- նշված է ընկերության Twitter-յան էջում:
Twitter-ը նոյեմբերին հայտարարել էր, որ անվտանգության եւ շփման հարմարավետության նպատակներով օգտատերերին թույլ կտա ծածկել իրենց հրպարակումներին պատասխանները:
Ամերիկյան Twitter Inc. ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին: Ընկերության հիմնական արտադրանքը կարճ հաղորդագրություններ փոխանակելու համար սոցցանցն է: Ընկերության կենտրոնակայանը Սան Ֆրանցիսկոյում է, Կալիֆոռնիա նահանգ:





























