Վարչապետի մամուլի խոսնակը պաշտոնանկ է արվել։ «Բացարձակ նեղացած չեմ»,- հայտարարել է Վլադիմիր Կարապետյանը։ Հաջորդը ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանն է. Նարեկ Սամսոնյանը պնդում է, թե նա հրաժարվել է կատարել հեռախոսից իրենց զրույցների ձայնագրությունը ջնջելու վարչապետ Փաշինյանի կարգադրությունը։ Սինգապուրում բարեփոխումները սկսել են փողոցում թքողներին պատժելուց. կառավարության նիստում վարչապետը խոսել է ռեստորանների ոսկեզօծ աթոռների ու կոտրված ունիտազների մասին։ Ռաֆայել Սուքիասյանը չի ընդունում 16-ամյա աղջկան խեղդելու մեղադրանքը.  ըստ ոստիկանության, խոստովանական ցուցմունք էր տվել։ «Լեգենդար գեներալի մահը համայն մարդկության ծանր կորուստն է». ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ցավակցել է Իրանի ժողովրդին։ Թեժ վեճ Մարտի 1-ի գործով դատավարության ընթացքում։ Դատավորն ընդհատել է նիստը։ Դատական դեժավյու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկի գործով։ Նորայր Փանոսյանը դարձյալ կալանավորվել է։ Սիդնեյի համալսարանը հաշվել է Ավստրալիայի անտառային հրդեհների վնասները. զոհվել է 17 մարդ, ոչնչացել 1 միլիարդ կենդանի, այրվել 1 միլիոն հեկտար տարածք։

Այլեւս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները, Facebook-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: «Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով»,- նշել է նա: Կարապետյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել էր հունվարի 8-ին կայացրած որոշմամբ

NEWS.am-ի հետ զրույցում նախկին խոսնակն ասել է, թե շատ պոզիտիվ է տրամադրված։ «Բացարձակ նեղացած չեմ»,- նշել է Վլադիմիր Կարապետյանը։ Նոր պաշտոնի առաջարկի մասին ոչինչ չի ասել, իսկ հարցին՝ իրենից դժգոհություններ եղե՞լ են, վարչապետի նախկին խոսնակը պատասխանել է․ «Կլինեն էլի, տեղյակ չեմ»։

Մամուլի քարտուղարից հետո աշխատանքից հաջորդիվ կազատվի կառավարության հայտնի ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Ֆեյսբուքում գրել է հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը։ Նա հիշեցրել է, որ նախօրեին էր գրել Կարապետյանի ազատման մասին եւ նույն աղբյուրից իմացել է, որ Հովհաննես Մովսիսյանի ու Փաշինյանի միջեւ սուր վեճ է տեղի ունեցել։ Փաշինյանն, ըստ Սամսոնյանի, պահանջել է հեռախոսից ջնջել իրենց զրույցներն ու իր հանձնարարությունները, ինչը Մովսիսյանը հրաժարվել է անել՝ փաստացի սրելով կոնֆլիկտը: Եվ Փաշինյանը, Սամսոնյանի համոզմամբ, ստիպված է վարկաբեկելով ազատել Մովսիսյանին, որն էլ կոմպրոմատային «պատերազմի» է պատրաստվում շեֆի դեմ:

Սինգապուրում փոփոխությունները սկսել են այն բանից, որ փողոցում թքելու դեմ մեծ տուգանքներ են սահմանվել, կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Թվում է՝ դե մարդ է, թող թքի: Բայց սա քաղաքակրթական խնդիր է: Եթե որեւէ զբոսաշրջիկ կամ քաղաքացի մտնում է որեւէ տեղ զուգարան, այդտեղ գոյանում է իր գնահատականը, թե այդ երկիրն իրեն ինչպես է վերաբերվում: Պետք է սնանկացնել բոլոր այն բիզնեսմեններին, որոնք ոսկեջրած աթոռներ են դնում իրենց ռեստորաններում, եւ կոտրած ունիտազներ են պահում այդ ռեստորանների զուգարաններում:

Հունվարի 5-ի գիշերը Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում 16-ամյա աղջկա սպանության համար մեղադրվող 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա փաստաբան Արտաշես Հովհաննիսյանն ասել է, թե կալանավորման որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում: Հիշեցնենք, որ Սուքիասյանը ծառայում է Պաշտպանության Նախարարությունում: Հաղորդվում էր նաեւ, թե նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է Երեւանում Իրանի դեսպանատուն եւ գրառում կատարել սգո մատյանում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ։ «Լեգենդար գեներալի մահը ոչ միայն մեր բարեկամ ժողովրդի, այլեւ համայն մարդկության համար ծանր կորուստ է, քանի որ Ղասեմ Սոլեյմանին տարիներ շարունակ ղեկավարել եւ անձամբ մասնակցել է ծայրահեղական ահաբեկիչների դեմ աննահանջ պայքարին։ Պատիվ ունեմ», գրել է Վանեցյանը։

«Մարտի 1-ի» գործով դատական նիստի ընթացքում վիճաբանություն է տեղի ունեցել։ Տուժողի իրավահաջորդներից մեկը փաստաբաններից պահանջել է, իր խոսքով՝ հարգել Մարտի 1-ը և չփորձել այլ երևույթներ պատկերացնել, թե չէ նրանք էլ կհայտնվեն իրենց վիճակում։ Վիճաբանություն է սկսվել երկու կողմերի միջև։ Վեճ  է սկսվել նաև դատարանի դահլիճում։ Պաշտպանական կողմը պնդել է՝ իրենց հասցեին սպառնալիք է հնչեցվել։  Դատավորն ավարտել է նիստը, հաջորդ դատական նիստը նշանակել հունվարի 14-ին, ժամը 13-ին։

Դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել երկրորդ նախագահի աջակիցները։ «Հերոսներին կալանավորելով դուք հերոս չեք դառնա։ 1998-ից մինչեւ 2008 թվականը տեսել ենք, թե ինչպես է կառուցվում արժանապատիվ Հայաստանը», ասել է բանախոսներից մեկը։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը դարձյալ կալանավորվել է, որին անցած նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը ազատ էր արձակել` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Կառավարության դիմաց դարձյալ բողոքի ցույց են անցկացրել Զինված ուժերում ծառայելու ընթացքում սպանված երիտասարդների մայրերը։ Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Փաշինյանի հետ։

Հայ Հեղափոխական դաշնակցությունը դատական հայց է ներկայացրել պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար։ Հիշեցնենք, որ հրապարակային ելույթներից մեկում Բաբաջանյանը  ՀՅԴ–ն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»։

Սիդնեյի համալսարանի տվյալով՝ Ավստրալիայում շարունակվող անտառային հրդեհներից  ոչնչացել է ավելի քան 1 մլրդ կենդանի։ Նրանցից 800 միլիոնը հրդեհների զոհ է դրձել Նոր Հարավային Ուելս նահանգում։ Բնական հրդեհներից  այրվել է ավելի քան մեկ միլիոն հեկտար տարածք, կրակը խլել է 17 մարդու կյանք, ոչնչացրել հազար տուն։ Երկրի հարավարեւելյան ափի բնակչությունը տարհանվում է հրդեհների պատճառով։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.14 դրամով եւ կազմել 479.62 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.83 դրամով ու կազմել  532.33 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.54 դրամով ու դարձել 624.85 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աննշան աճել է ու հասել 7.84 դրամի։

Հանրապետության տարածքում հունվարի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում եւս տեղումներ չեն ակնկալվում։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի զրոյից ցածր 2-ից 4, վաղը ցերեկը՝ զրոյից բարձր 4-ից  6 աստիճան: