Ապագայում կառավարող ավելի շատ գործառույթներ կդառնան վիրտուալ, աշխարհագրական սահմաններն ավելի ու ավելի կջնջվեն։ Նման կարծիքի է ներդրող Թիմ Դրեյփերը, տեղեկացնում է HighTech+-ը։
Ներդրողն ընդգծում է, որ բլոքչեյնի եւ արհեստական բանականության համադրումը կվերափոխի տնտեսվարման շատ ճյուղեր, ներառյալ ֆինանսները եւ առողջապահությունը։ Բայց պետական ինստիտուտների վրա ազդեցությունը հիրավի արմատական կլինի։
Առաջին փուլում պաշտոնյաների բանակն այլեւս հարկավոր չի լինի, քանի որ սմարթ պայմանագրերին պետք չեն թույլտվություններ եւ հաստատումներ, բացատրում է Դրեյփերը։ Ֆինանսական մեքենայությունների մեծ մասը բաց ռեեստրով հաջողությամբ կպարզի արհեստական բանականությունը, այնպես որ պատժիչ մարմիններն էլ իրենց դարը կապրեն։ Բայց հետո կփոխվի պետության բնույթը։
Պետության գլխավոր գործառույթը քաղաքացիներին պաշտպանելն է ծայրահեղ իրավիճակներում, օրենքը խախտելիս, տարերային աղետների կամ պատերազմի ժամանակ, ասում է նա։
«Ի՞նչ է պետությունը, եթե ոչ տարբեր ապահովագրական ընկերությունների ամբողջություն։ Պետկառավարումը աշխարհում ամենամեծ ճյուղերից մեկն է, եւ այն պետք է ձեւափոխվի»։
Երբ այդ պաշտպանական գործառույթների մեծ մասը իրականացվի բլոքչեյնի միջոցով, կգա «իշխանության բաշխման» ժամանակը, համոզված է Դրեյփերը։ «Ելնելով այն բանից, թե որքան ավելի շատ կառավարող գործառույթներ կդառնան վիրտուալ, աշխարհագրական սահմանները ավելի ու ավելի շատ կջնջվեն»,- կարծում է նա։ Ախագայում այդ թվացող անսասան կապը կխզվի, եւ վիրտուալ կառավարությունները կսկսեն մրցակցել քաղաքացիների համար, ինչն իշխանությանը ծառայելու համար շատ ավելի հավատարիմ կդարձնի ու հաշվետու, քան հիմա է, կանխատեսում է նա։
Այս կանխատեսման համար, ի տարբերություն Կալիֆոռնիայի բաժանման նախաձեռնության, Դրեյփերը լուրջ փողեր է դնում։ Նա ունի 30 000 բիթքոին (մոտ 247 մլն դոլար) եւ մի շարք կրիպտոսթարտապերի կարեւոր ներդրողներից է։ Դրանց թվում են Coinbase կրիպտոբորսան, Ledger ֆիզիկական կրիպտոքսակի ստեղծման սթարտապը, ինչպես նաեւ Tezos-ը՝ ապագայի արագ եւ ոչ թանկ բլոքչեյնի կառուցման բազմաթիվ նախաձեռնություններից մեկը։ Դրեյփերը համոզված է, որ արդեն շատ շուտով հասարակությունը կհասկանա կրիպտոարժույթների առավելությունները, եւ բիթքոինի լայն ներթափանցմամբ դրա փոխարժեքը նորից երկինք կհասնի, ինչպես եղավ 2017-ին։ BI-ի հարցազրույցում նա հաստատել է իր կանխատեսումը, թե երեք տարվա ընթացքում բիթքոինի արժեքը կհասնի 250 000 դոլարի։ Հիմա գլխավոր կրիպտոարժույթը արժե մոտ 8000 դոլար։
Թիմ Դրեյփերը փորձառու վենչուրային կապիտալիստ է, որի ձախողումները պակաս ուշագրավ չեն, քան հաջողությունները։ Նա այն մարդն է, ով անհաջող փորձում էր բաժանել Կալիֆոռնիան երեք նահանգի։ Բացի այդ, Դրեյփերը ներդրումներ է կատարել սկանդալային Theranos բիոտեխսթարտապերում եւ մինչեւ հիմա հավատում է դրա տեխնոլոգիային, թեեւ խոստովանում է, որ շատ բան չգիտեր Էլիզաբեթ Հոլմսի բիզնեսի մասին։ Դրեյփերի հաջող ներդրումների մեջ են Tesla-ի բաժնետոմսերը, ինչպես նաեւ Cruise ռոբոմոբիլների ստեղծման սթարտապը, որն ավելի ուշ գնեց General Motors-ը։





























