Հայաստանի ոստիկանությունում այսօր՝ ապրիլի 15-ին, գերատեսչության 10-ամյակի կապակցությամբ հանդիսավոր նիստ է տեղի ունեցել։ Ոստիկանության օրը, ճիշտ է, նշվում է ապիլի 16-ին։ Վաղը տեղի կունենա շքահանդես եւ ծաղկեպսակների տեղադրում։

Հանդիսավոր նիստին մասնակցում էին եւ համակարգի աշխատակիցներին շնորհավորեցին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը։

«Սա պրոֆեսիոնալ տոն է հազարավոր մարդկանց, ոստիկանության աշխատակիցների, կուրսանտների եւ վետերանների համար։ Նրանք մարդիկ են, ում համար ծառայությունը ոչ միայն աշխատանք է, այլ, առանց չափազանցության, քաղաքացիների կյանքն ամեն օր փրկելու գործ»,- իր ելույթում ասաց Հայաստանի վարչապետը՝ վստահություն հայտնելով, որ ոստիկանությունը մեծ պոտենցիալ ունի։ Հայաստանի կառավարությունն իր հերթին  կարեւոր է համարում համակարգի աշխատակիցների սոցիալական վիճակը լավացնելը։

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր հերթին նշեց, որ իր կողմից ղեկավարվող կառույցը պատվով է անցել փորձի եւ բարեփոխումների ճանապարհը։ Ակնարկելով ոստիկանության մի շարք աշխատակիցների ձերբակալության մասին՝ Սարգսյանը կոչ արեց չվախենալ ինքնամաքրվելուց։

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի