2010 թվականին կոռուպցիայի մակարդակը Հայաստանում աճել է 10 տոկոսով: Նման տվյալ են ստացել ԱՄՆ հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ներկայացուցիչները, կատարած ուսումնասիրության արդյունքում: Սոցհարցումներ մասնագետները կատարել են հանրապետության տարբեր մարզերում, որին մասնակցել է 1500 քաղաքացի:
Ըստ այդմ, «Հայաստանում նկատվում է կոռուպցիայի ընդհանուր ընկալման, դրա դրսեւորման ձեւերի ու տարբեր ոլորտներում տարածվածության միտում»:
Ըստ հրապարակած տվյալների` կոռուպցիոն ռիսկերը գերակշռում են հատկապես դատական եւ ընտրական ոլորտներում:
«2010 թվականի հետազոտությունները փաստում են, որ Հայաստանի քաղաքացիների շուրջ 80 տոկոսը շարունակում է կոռուպցիան համարել լուրջ հիմնախնդիր: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարն արդյունք չի տալիս: Ինչպիսի՞ն պետք է լինի պետության քաղաքականությունը, եւ արդյոք կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: Մեր երկրում փորձ չի արվում կոռուպցիոն դրսեւորումները կրճատելու կամ վերացնելու ուղղությամբ:
Սա հարցի մի կողմն է միայն, կա նաեւ հետեւյալ դիրքորոշումը. քաղաքացին չի տիրապետում իր իրավունքներին, եւ բացի դրանից պետք է հստակեցվի քաղաքացի՞ն է կաշառք առաջարկում, թե՞ պաշտոնյան է պահանջում»,-հայտարարել է ԱՄՆ հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Եվգենյա Պատուրյանը:
Ըստ ուսումնասիրությունների`կոռուպցիան առավել տարածված է բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում: Իսկ առավել կոռումպացված հաստատություններ են համարվում դատախազությունը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ ոլորտներից`առողջապահությունը եւ կրթությունը:





























