ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ավանդական ուղերձում «ցեղասպանություն» բառը չի արտասանի: NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով` ԱՄՆ-ի քաղաքական օրակարգում նման հարց չկա: Հակառակը, ներկայումս ԱՄՆ իշխանությունների կողմից Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները բարելավելու կոչեր են հնչում:
Պատգամավորն ընդգծեց, որ աղավաղված է ներկայացվում Հայոց ցեղասպանության ճանաչման գաղափարը: Այսինքն, խոսվում է արդեն գոյություն չունեցող պետության կողմից մարդկության դեմ կատարված հանցագործության ճանաչման մասին:
«Անհրաժեշտ է հասնել նրան, որ Թուրքիան հրաժարվի հետագայում եւս ցեղասպանությունը որպես իր նեղ քաղաքական նպատակներին հասնելու միջոց կիրառելուց », - ընդգծեց Ալավերդյանը` ավելացնելով, որ ամեն ինչ հանգեցվում է հայ-թուրքական հարաբերությունների խնդրին եւ չի դիտարկվում հարցի համամարդկային կարեւորության տեսանկյունից:





























