Վերջին շրջանում պարենային ապրանքների եւ էներգակիրների գների աճը կարող են 5 մլն մարդու աղքատ դարձնել Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում: Այս մասին, ըստ չինական «Սինհուա» գործակալության,  հայտարարել է Համաշխարհային բանկը:

Տարածաշրջանի աղքատ բնակչությունը հաճախ իր եկամտի կեսը ծախսում է սննդի վրա: Եկամտի մեծ մասը ընտանիքին կերակրելու վրա ծախսելու անհրաժեշտությունը ավելի քիչ գումար է թողնում խնայողությունների կամ ներդրումների համար:

«Պարենային ապրանքների ու էներգակիրների բարձր գներից ամենից շատ տուժում են տարածաշրջանի ամենաաղքատ շերտերը, քանի որ դա նվազեցնում է նրանց գնողունակությունը»,- ասել է ՀԲ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում աղքատության կրճատման եւ տնտեսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Իվոնա Ցիկատան:

ՀԲ-ի տվյալներով, եթե ոչ մի միջոց չձեռնարկվի եւ գործազրկությունը շարունակվի այս տեմպով աճել, Ղրղըզստանում 11 տոկոսով կաճի աղքատությունը, Հայաստանում եւ Վրաստանում` 9 տոկոսով, Տաջիկստանում` 8 տոկոսով, իսկ Մոլդովայում` 5 տոկոսով: