Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ամերիկահայ համայնքին ուղղված ամենամյա իր ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի եւս չի արտաբերի «ցեղասպանություն» բառը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Սպասելիքներ չունեմ, որ Օբաման այս տարի ապրիլի 24-ին կարտասանի «ցեղասպանություն» բառը։ Նա ԱՄՆ առաջին նախագահը չէ, ով նախընտրական քարոզարշավի ժամանակ ամերիկահայ համայնքին Ցեղասպանությունը ճանաչելու խոստում է տալիս, սակայն չի պահում իր խոստումը։ Ինչպես եւ ԱՄՆ բոլոր նախկին նախագահների, Օբամայի մոտ եւս խոսքն ու գործը տարբերվում են իրարից։ Արդյունքում ամեն տարի ապրիլի 24-ից առաջ ամերիկահայ համայնքը լրացուցիչ լարում է ապրում»,- նշեց Լիլիթ Գալստյանը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ամեն անգամ հայտնվոււմ է համաշխարհային քաղաքականության համատեքստում եւ դառնում շահարկման առարկա՝ որպես խաղաթուղթ օգտագործվելով այս կամ այն կողմի դեմ։

Ամփոփելով՝ ՀՅԴ պատգամավորը չբացառեց, որ ինքը չէր կասկածում՝ հայ համայնքի քվեները շահելու նպատակով Օբաման Ցեղասպանությունը ճանաչելու խոստումներ կտա նաեւ այս նախընտրական շրջանում։ «Բայց մեր համայնքը հիասթափության ավելի հոծ արտահայտություններ է անում, իսկ հիասթափությունը գնալով ավելի է թանձրանում։ Ինչեւէ, Ցեղասպանության ճանաչման խոստումները պետք է դիտարկել ոչ այնքան նախընտրական շրջանի, այլ քաղաքական զարգացումների ընդհանուր համատեքստում»,- ասաց Գալստյանը։

Նշենք, որ Բարաք Օբաման, 2008 թվականի նախագահական ընտրությունների իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ամերիկահայ համայնքին խոստացել էր նախագահ դառնալու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նմանօրինակ խոստում ամերիկահայերին տվել էին նաեւ ԱՄՆ մի շարք այլ նախագահներ։