Հեղինակավոր վերլուծաբան Մին Չի Կոն հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի առաջին կեսին Apple-ի նորույթների մասին, հայտնում է 9to5mac պարբերականը:
Փորձագետի կանխատեսման համաձայն՝ կորպորացիան նախատեսել է iPhone 9-ի, նոր iPad Pro-ի եւ «մկրատ» ստեղնաշարով MacBook Pro-ի թողարկում: Apple-ի գաղտնազերծված ապագա արտադրանքի ցուցակում հիշատակված են նաեւ «անլար լիցքավորման համար փոքր գորգ», Bluetooth ականջակալներ եւ UWB տարբերանիշ:
AirTag կոչվող տարբերանիշի թողարկման մասին լուրերը հայտնվել էին անցած տարվա ամռանը: Ըստ սարքի նկարագրության՝ աքսեսուարը հնարավոր կլինի օգտագործել որպես երկրատեղորոշման փարոս մանր առարկաների համար: Apple-ը 2019 թվականի հոկտեմբերին ռուսական ISBC ընկերությունից գնել էր AIRTAG առեւտրային մակնիշի իրավունքը:
Անլար լիցքավորման համար AirPower կայանը ներկայացվել էր 2017 թվականի սեպտեմբերին: Երկու տարի հետո Apple-ը նախագիծը փակել էր, քանի որ չէր կարողացել ապահովել սարքերի անվտանգ աշխատունակությունը: Կորպորացիայի ներկայացուցիչն ընդգծել էր, որ ընկերությունում շարունակում են աշխատել անլար աքսեսուարների ուղղությամբ:
Bloomberg գործակալությունը հունվարի վերջին հայտնել էր, որ Apple-ի էժան սմարթֆոնը ներկայացվելու է մարտին: 2019 թվականի աշնանը վերլուծաբան Մին Չի Կոն բացահայտել էր մատչելի սմարթֆոն թողարկելու Apple-ի ծրագրերը: Նրա տեղեկություններով՝ դեւայսը դառնալու է հանրահայտ iPhone SE-ի ժառանգորդը, ունենալու է iPhone 8-ի դիզայնը, Touch ID սենսորով Home կոճակ, մեկ խցիկ, А13 չիպ եւ 3 գիգաբայթ օպերատիվ հիշողություն: Աղբյուրի ենթադրությամբ՝ սարքի գինը կազմելու է 400 դոլար:





























