Այնքան էլ լավ չի, որ իրավիճակի շուրջ դրսից արձագանք ենք ստանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ դիտորդների հայտարարության մասին:
«Սա եւ ազդակ է, եւ ինչու ոչ՝ նախազգուշացում եւ փաստի արձանագրում, որովհետեւ այսպես ասած հակամարտող կողմերը որ դրույթները որ ձեռնտու էին, դա էին մեկնաբանում: Իսկ եթե ընդհանուր տեքստին նայում ես, այնտեղ կա ամեն ինչ,եւ քննադատություն, եւ փաստերի արձանագրում եւ այլն: Եւ սպասելի էր, որ այս աղմուկը, որ ամիսներ կար Սահմանադրական դատարանի շուրջ, ինչ-որ նման արձագանքի պետք է արժանանար ինչը բավականին լուրջ աղմուկ է: Այնքան էլ լավ չի, որ իրավիճակի շուրջ դրսից արձագանք ենք ստանում»,-ասաց նա:
Պատգամավորի կարծիքով՝ իշխանությունների հետագա քայլերը միայն եւ միայն պետք է լինեն օրենքի շրջանակում, նշելով որ մինչ այս վիճելի քայլեր եղել են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները մտահոգություն են արտահայտել Հայաստանում ինստիտուտների միջեւ լարվածության բարձր մակարդակի կապակցությամբ:
«Մենք շատ մտահոգված ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի աշխատակազմի եւ ՍԴ նախագահի միջեւ լարվածության բարձր մակարդակով,- ասել են Հայաստանում մոնիթորինգի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Անդրեյ Շիրչելն ու Քիմո Քիլյունենը:





























